Մատչելիության հղումներ

Դատարան է ուղարկվել 16 գործ, նախնական կալանքի տակ է 86 անձ


Հետընտրական իրադարձությունների կապակցությամբ Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում, երեկվա դրությամբ, նախնական կալանքի տակ է գտնվում 86 անձ, եւս 11 մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: 16 քրեական գործ՝ 16 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան:

Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի փոխանցմամբ` ավարտվել է Լեւիկ Խաչատրյանի, Դավիթ Առաքելյանի եւ Կառլեն Մանուչարյանի մասով նախաքննությունը, նրանց վերաբերյալ գործերն անջատվել են առանձին վարույթ եւ ուղարկվել դատարան:

Ըստ դատախազության, նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ Խաչատրյանը եւ Առաքելյանը, մասնակցելով օրենքով սահմանված կարգի խախտմամբ Ազատության հրապարակում իրականացվող զանգվածային միջոցառումներին, մարտի 1-ին չեն ենթարկվել ոստիկանության աշխատակիցների պահանջներին եւ դիմադրություն են ցույց տվել՝ բռնություններ գործադրելով:

Խաչատրյանին եւ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասով` «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը», նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Խաչատրյանի եւ Առաքելյանի վերաբերյալ քրեական գործերն ապրիլի 10-ին ուղարկվել են Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

Մեկ այլ քրեական գործով պարզվել եւ հիմնավորվել է, որ Կառլեն Մանուչարյանն «անմիջական մասնակցություն է ունեցել բռնություններով, ջարդերով, հրկիզումներով, պետական, հանրային եւ մասնավոր գույքի ոչնչացմամբ, հափշտակություններով, իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալով ուղեկցված, հրազենի, պայթուցիկ նյութերի, որպես զենք օգտագործելու համար հարմարեցված տարատեսակ առարկաների գործադրմամբ Երեւան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին՝ քարերով ու փայտերով հարվածելով հասարակական կարգի պահպանությունն իրականացնող ոստիկաններին»:

Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասով` «զանգվածային անկարգություններ»: Հաշվի առնելով, որ Մանուչարյանը երկրորդ կարգի հաշմանդամ է՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը, դատախազի ցուցումով, նախաքննական մարմինը փոխել է չբացակայելու մասին ստորագրությամբ: Քրեական գործն ուղարկվել է Երեւանի քրեական դատարան՝ ըստ էության քննելու համար:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG