Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Հայաստանյան մամուլն այսօր տարբեր կերպ է գնահատում Ռոբերտ Քոչարյանի տասնամյա պաշտոնավարությունը: Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը «Հայոց Աշխարհ»-ում կարծիք է հայտնում. - «Ավելի քան համոզված եմ, որ Ռոբերտ Քոչարյանը որոշակի պատմական միսիա վերցրեց իր վրա. կարողացավ անցած տասը տարիներին խաղաղություն եւ զարգացում ապահովել երկրում: Պետության գլուխը երկրի պատասխանատվությունը վերցրեց եւ տարավ մինչեւ վերջ: Հատկապես արտաքին քաղաքականության իմաստով ես հպարտ եմ, որ Ռոբերտ Քոչարյանի պես նախագահ ենք ունեցել: Մարդ, որը անցած տասը տարիներին մինչ այդ «թաղված, մեռած» խնդիրները այնքան հստակ, համոզված ու ինքնավստահ էր բարձրացնում միջազգային ատյաններում, որ հարգանքի է արժանի»:

Բոլորովին այլ կարծիքի է «Ժամանակ Երեւան»-ի մեկնաբանը. - «Ռոբերտ Քոչարյանի մեղքը հայ ժողովրդի եւ հայոց պետականության առաջ այն է, որ նա իր պաշտոնավարման տարիներին ավելի ու ավելի թուլացրեց պետական բոլոր կառույցները՝ դրանք դարձնելով մեկ կենտրոնից ղեկավարվող խամաճիկներ: Ապացույցը՝ ներկա խորհրդարանը, դատարաններն ու կառավարությունն են, էլ չենք խոսում տնտեսության ու գործարարության մասին»:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը, «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը խոստովանում է. - «Չեմ ուզում երդմնակալության օրը քայլել մայրաքաղաքի փողոցներով ու տեսնել, թե ինչպիսի ատելությամբ են շնչում իմ համաքաղաքացիները, լսել, թե ինչպես են նրանք «ֆշշացնում» նոր նախագահի հասցեին: Դա աննորմալ վիճակ է, այդ աստիճանի «խուլ պատ» հասարակության մեջ չպիտի լինի: Շարունակում եմ զարմանալ, թե ինչո՞ւ է իշխանությունը ամեն ինչ անում՝ առանց այդ էլ դժգոհ մարդկանց է’լ ավելի բորբոքելու համար: Օրինակ, զինվորական շքերթը ի՞նչ մեղքս էր: Չէ՞ որ երդմնակալության արարողությունը խաղաղության, համերաշխության, ազգային համաձայնության տոն պիտի լինի: Իսկ ուժի հավելյալ ցուցադրումը Ազատության հրապարակում կարող է մեկնաբանվել հետեւյալ կերպ. - «Այ, դուք այստեղ միտինգներ էիք անում, իսկ հիմա ահա նույն տեղում դոփում են ինձ հավատարիմ զորքի սապոգները»: Գուցե իշխանությունն այլ բան նկատի ուներ զորահանդես կազմակերպելիս: Բայց նման քայլերը հաստատ չեն քանդում այն «պատը», որի մասին այնքան համոզիչ խոսում էր նորընծա նախագահը»:

«168 ժամ»-ը մեջբերում է Սերժ Սարգսյանի` հենց «պատի» մասին արված արտահայտությունը. - «Եթե անգամ մեր միջեւ չհասկացվածության պատ կա, կո’չ եմ անում, եկեք քանդենք այդ պատը»: Թերթը մեկնաբանում է. - «Լուրերին հետեւած մարդիկ, ովքեր Սերժ Սարգսյանին չեն ընտրել, միգուցե այս խոսքերը լսելով` մտածել են` կարող է իսկապես ինչ-որ բան փոխվի՞ դեպի լավը, վերանա այս համատարած լարվածությունը, քանդվեն պատերը: Իսկ այն մարդիկ, ովքեր ոչ թե լուրերին էին հետեւում, այլ պարզապես քայլում էին Երեւանի փողոցներում, հենց այդ խոսքերն արտասանելու պահին քաղաքում դեմ էին առնում ոստիկաններից կազմված կենդանի պատերի` Մյասնիկյանի արձանի մոտ, «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, դեպի Ազատության հրապարակ տանող բոլոր ճանապարհներին: Այնպիսի տպավորություն էր, կարծես քաղաքի բոլոր ճանապարհները տանում են դեպի փակուղի, եւ նորընտիր նախագահը պաշտպանվում է սեփական ժողովրդից»:

«Չորրորդ իշխանություն»-ը զետեղել է «Երեւան» քրեակատարողական հիմնարկում գտնվող Ազգային ժողովի պատգամավոր, «Ոգու փորձություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ, Հրազդանի «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի նամակը. - «Նախկինում մի երկու անգամ հանդիպել եմ Հրազդանի ոստիկանապետ Ավետիք Աբրահամյանին: Երբ նրա հետ զրուցում էինք արցախյան ազատամարտից, ինձ ասաց, որ իր եղբայրը նույնպես զոհվել է ազատամարտում: Այժմ ես ուզում եմ այստեղից հիշեցնել նրան, երեւի ուղեղը մթագնել է, այդ նույն արցախյան պատերազմում 1992 թվականի մարտի 12-ի մարտական գործողությունների ժամանակ Կիչան-Սրխավենդ գյուղերի ազատագրման ընթացքում ծանր վիրավորված եւ հաշմանդամ դարձած Արշավիր Բոզինյանին նույնպես կարելի է դասել զոհվածների շարքերում, քանի որ նրա մարմնի կեսը չի աշխատում, մահացած է: Ի տարբերություն պատերազմի դաշտում մյուս զոհվածների, նրան դագաղի փոխարեն բաժին հասավ հաշմանդամի սայլակը եւ բժշկական հատուկ անկողինը: Իսկ այսօր մեր «հարգարժան» ոստիկանապետը, ուրանալով բոլոր տեսակի սրբությունները, մոռացել է նաեւ, թե ում եւ ինչի համար է զոհվել նաեւ իր եղբայրը: Նա իր մեքենայով, շքախմբով մտնում է Վանատուր թաղամաս, հրահանգում իր աշխատակիցներին գրոհել հացադուլի նստած հաշմանդամ Արշավիրի վրանի վրա եւ «քաջաբար» գողանալ վրանը` թողնելով նրան բաց երկնքի եւ անձրեւի տակ»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG