Մատչելիության հղումներ

Օդագնացության միջազգային փառատոն Երեւանում


Նման միջոցառումներ աշխարհի բազմաթիվ երկրներում են կազմակերպվում՝ սեզոնի բացումը գարնանն է: «Գունազարդ երկինք 2008» փառատոնին մասնակցելու համար շուրջ երկու տասնյակ օդագնաց է ժամանել Ռուսաստանից, Բելառուսից եւ Ուկրաինայից:

Փառատոնի տնօրենը Վալերի Լատիպովն է՝ Ռուսաստանի օդագնացների միության ղեկավարը. - «Դա անհեմամետալի զգացողություն է, իրադարձություն: Ես 11-րդ հարկում եմ ապրում, դուրս ես գալիս պատշգամբ՝ վախենալու է: Բայց օդապարիկում վախ չկա, թվում է՝ հակառակը պիտի լիներ»:

Վաղը մեկնարկող փառատոնը շարունակվելու է մինչեւ ապրիլի 13-ը: Փառատոնին մասնակցելու է նաեւ Հայաստանը ներկայացնող օդագնացների առաջին զույգը՝ Արթուր Կարապետյան եւ Կարեն Բերբերյան:

5 օր շարունակ Երեւանի երկնքում օդապարիկների գունային հրավառություն է սպասվում: Հաղթելու համար անհրաժեշտ է հնարավորինս դիպուկ վայրէջք կատարել նշանակետում: Խաղարկվում է «Երեւան» գավաթը:

Վալերի Լատիպովն ասում է, որ օդագնացների շարքերում տարբեր մարդիկ են՝ գիտությունների դոկտորից մինչեւ 3 թոռներ ունեցող 60֊ամյա տատիկ: Նրա փոխանցմամբ՝ արտասահմանցի օդագնացներին հատկապես մեր լեռներն են դուր եկել:

Մրցութային ծրագրից զատ, օդապարիկով թռիչքի հնարավորություն կուենան նաեւ երեւանցիները: Հրավիրատոմսերը սպառվել են վաղուց, բացման օրն էլ ոմանք անակնկալ նվեր կստանան՝ օդապարիկով երկինք բարձրանալու հնարավորություն: Երեւանցիների մի մասը սիրողական՝ 50-100 մետր բարձրությամբ թռիչքներ կկատարեն, ավելի հաջողակներին հնարավորություն կտրվի մի քանի ժամ վերեւից հիանալ գարնանային մայրաքաղաքով:

Ռուսաստանի սպորտի վարպետ Անդրեյ Դենիսենկոն, կարեւորելով անվտանգությունը, ասաց որ ողբերգական ավարտը բացառում է Երեւանում:

Փորձառու օդագնացները երկարատեւ թռիչքների ժամանակ հազար ու մի արկածներ են ունեցել: Նրանք ոգեւորությամբ պատմում էին, որ եղել են նույնիսկ օդում ծննդաբերելու դեպքեր:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG