Մատչելիության հղումներ

Գեւորգ Դանիելյանը պաշտպանում է հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին օրենսդրական փոփոխությունները


Հայաստանի արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը երկուշաբթի օրը ասաց, որ հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին օրինագծում կարող են լինել սոսկ խմբագրական փոփոխություններ:

«Իր հիմնարար դրույթներով այս օրինագիծը փոխելու խնդիր հազիվ թե առաջանա», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Դանիելյանը: - «Երբ խնդիրը վերաբերում է խմբագրական հստակեցմանը, պարզաբանումներին, սա, ըստ էության, վերանայել չէ... Ես ավելի քան համոզված եմ, որ Վենետիկի հանձնաժողովների փորձագետների հետ մեր հանդիպումները եւս կբերեն դրան»:

Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովը եւ ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը անցած շաբաթ համատեղ իրավաբանական կարծիք են հրապարակել՝ եզրակացնելով, որ հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին Հայաստանի օրենսդրական փոփոխությունները լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս:

Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովը եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագիտական խումբը ընդունելի չեն համարել առաջարկված օրենսդրական փոփոխությունները՝ այն չափով, որ դրանք էապես ավելի են սահմանափակում հավաքներ անցկացնելու իրավունքը:

Արդարադատության նախկին նախարար, Ազգային ժողովի պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն այս կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Ես կարծում եմ, որ փոփոխություններ կլինեն: Չեմ կարծում, որ նախկին օրենքը իսկապես պատասխան էր տալիս բոլոր հարցերին: Սա եզակի հնարավորություն է ավելի բարելավելու մեր օրենքը: Իհարկե` համապատասխանեցնելու այն եվրոպական չափանիշներին»:


Աստղիկ Բեդեւյան

(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG