Մատչելիության հղումներ

Զեյնո Բարան. «Հայաստանի նախագահի հայտարարության նպատակը իր երկրի դիրքերն ամրապնդելն է»


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հնարավորության մասին հայտարարել է Հայաստանի նոր ղեկավարի մասնակցությամբ բանակցությունների սկսվելուց առաջ իր երկրի դիրքերն ամրապնդելու համար: Այսպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ-ի Հադսոն ինստիտուտի եվրասիական քաղաքականության գծով ծրագրերի տնօրեն Զեյնո Բարանը Day.az ինտերնետային պարբերականին տված հարցազրույցում:

Բարանի խոսքերով` «նույնիսկ եթե Հայաստանը ընդունի նման որոշում, ոչ ոք չի ճանաչի Լեռնային Ղարաբաղը»:

«Ոչ ոք դա չի հասկանա: Իրականում դա նման կլինի Հյուսիսային Կիպրոսի ճանաչմանը միայն Թուրքիայի կողմից», - հայտարարել է Զեյնո Բարանը: - «Եթե Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, այդ որոշումը չի պաշտպանի ոչ ոք, ներառյալ Մինսկի խումբը, այդ թվում` Ռուսաստանը, որը շատ հարցերում Հայաստանի դաշնակիցն է: Այդ պատճառով ես լուրջ չեմ ընդունում հայաստանյան ղեկավարության նման հայտարարությունները»:

Անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրների դեմ քվեարկելուն` Բարանը շեշտել է, որ «ընդհանրապես, Մինսկի խումբը ցանկանում էր, որպեսզի այդ բանաձեւը առհասարակ չբարձրացվի». - «Արդյունքում, նրանք ընդունեցին այդ բանաձեւին դեմ քվեարկելու որոշում եւ բացատրեցին դա նրանով, որ բանաձեւը պաշտպանելը կխաթարեր համանախագահների` որպես միջնորդների հեղինակությունը Հայաստանի աչքում: Իսկ «ոչ» ասելով` նրանք հանդիպեցին Ադրբեջանի դժգոհությանը»:

Ղարաբաղյան խնդրի կարգավորման հեռանկարների վերաբերյալ իր ամուսնու` ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի օգնական, Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի լավատեսական հայտարարությունների առնչությամբ Զեյնո Բարանը նշել է. - «Պետք է խոստովանեմ, որ ես այդչափ լավատես չեմ, սակայն ես բանակցությունների մասնակից չեմ: Լինի դա Բրայզան թե մյուս համանախագահները` նրանք հանդիպում են երկու երկրների նախագահների եւ արտգործնախարարների հետ եւ ծանոթ են բանակցությունների էությանը»:

«Մեթյու Բրայզան լավատես էր նաեւ, երբ քննարկվում էր Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղի շինարարության հեռանկարը, եւ բոլորը խոսում էին այդ նախագծի իրականացման բարդության մասին», - ասել է ամերիկացի համանախագահի կինը եւ շեշտել. - «Հիմնախնդրի լուծման մեջ պետք է լավատես լինել` ընդհանուր հայտարարի բերելու համար տվյալ հարցի լուծմամբ զբաղվող անձանց դիրքորոշումները»:

Զեյնո Բարանը հույս է հայտնել, որ ղարաբաղյան հիմնախնդիրը կլուծվի «այս տարվա ընթացքում»:

Ամերիկացի քաղաքագետը, ով Բաքու է ժամանել Բուխարեստից, ուր մասնակցում էր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, նաեւ կարծիք է հայտնել, որ Հյուսիսատլանտյան դաշինքը, «իր կազմում ընդունելով Վրաստանին, կգա Կովկաս, ու այդ ժամանակ անդամակցությունը հնարավոր կդառնա եւ Ադրբեջանի համար»:

«Ուկրաինան եւ Վրաստանը ավելի վաղ եւ ավելի ակտիվ են սկսել գործունեությունը ՆԱՏՕ-ին ինտեգրման ուղղությամբ, սակայն ես կարծում եմ, որ վաղ թե ուշ Ադրբեջանը եւս կանդամակցի դաշինքին», - հայտարարել է Բարանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG