Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ի խմբագրականը, անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման գործընթացին, արձանագրել է. - «Ղարաբաղի հարցը Ռոբերտ Քոչարյանն իր իրավահաջորդին «հանձնում է», մեղմ ասած, ոչ բարվոք վիճակում։ Ադրբեջանի ագրեսիվությունը օր-օրի աճում է, ռազմական ոտնձգությունները սահմանների վրա ավելի հաճախակի են դարձել, մեր հարեւանները սպառնում են ընդհանրապես հրաժարվել Մինսկի խմբի միջնորդությունից, հրաժարվում են հանդիպել Հայաստանի նորընտիր նախագահի հետ եւ փորձում են հարցը տեղափոխել ՄԱԿ, որտեղ մեզ համակիր պետությունները հաստատ մեծամասնություն չեն կազմում»։ «Ի պատասխան դրան՝ ՀՀ գործող նախագահը սպառնում է ճանաչել ԼՂՀ-ն, այսինքն՝ վերջնականապես ձախողել բոլոր տեսակի բանակցությունները», - գրել է խմբագիրն ու հավելել. - «Ինչ խոսք, դա «լավ նվեր է» մեկ շաբաթից իր պարտականությունները ստանձնող Սերժ Սարգսյանին»։

«Չորրորդ իշխանություն» թերթի մեկնաբանը, անդրադառնալով նախօրեին Ստեփանակերտում նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնչեցած հայտարարությանը Հայաստանի կողմից ԼՂՀ հնարավոր ճանաչման վերաբերյալ, գնահատել է. - «Այսօր ճանաչել ԼՂՀ անկախությունը՝ նշանակում է դադարեցնել բանակցային գործընթացը։ Հայաստանին դա օգո՞ւտ է, թե՞ վնաս։ Կարելի է հայտարարել, որ հերթական բարոյական հաղթանակը տարանք, կարելի է տոնական միջոցառումներ կազմակերպել, բայց Հայաստանը միանգամից կհայտնվի Ղարաբաղի կարգավիճակում. այսինքն՝ կդառնա փաստացի չճանաչված պետություն»։ «Իհարկե, միամտություն կլինի կարծելը, թե Ռոբերտ Քոչարյանն այսքանը չի հասկանում։ Լավ էլ հասկանում է։ Պարզապես հասկանում է նաեւ, որ իր եւ Սերժ Սարգսյանի «վերջին գործողություններից» հետո Հայաստանը հայտնվելու է միջազգային մեկուսացման մեջ», - եզրափակել է մեկնաբանը։

«Հայոց Աշխարհ»-ը, իբրեւ «արհեստական իրարանցում»
որակելով ապագա կոալիցիոն կառավարության կազմավորման եւ հնարավոր կադրային փոփոխություններին առնչվող խոսակցությունները, շեշտադրել է. - «Տեսեք, մի կողմից՝ Ռոբերտ Քոչարյանի թիմն իր ժամկետի ընթացքում աշխատեց ընդհանուր առմամբ հստակ ու արդյունավետ։ Մարդկանց պաշտոնաթող անելու պատճառ կարծես թե չկա։ Մյուս կողմից՝ եթե չհեռացնես, ապա առանց կադրերի լայնածավալ նորացման բոլորը կասեն, թե երկրում ոչինչ չի փոխվում եւ մեզանում լճացում է»։ «Իսկ լճացումը լավ չէ», - որակել է թերթն ու հավելել. - «Չենք խոսում արդեն այն մասին, որ տարբեր խմբավորումներն ու կուսակցությունները իշխանության ներսում կենաց-մահու պայքար են մղում միմյանց դեմ պաշտոնների համար, ամեն կերպ փորձում թուլացնել մրցակցի դիրքերը։ Չխորշելով հաճախ նույնիսկ այնպիսի անվայել մեթոդներից, ինչպիսիք են, ասենք, Տեր-Պետրոսյանի հետ գաղտնի համագործակցության մասին ակնարկները»։

«Հայաստանում, փաստորեն, եթե Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի շրջապատից չես կամ աներկբա չես կատարում նրանցից գոնե մեկի հրահանգները, ավելին՝ մի փոքր այլախոհ ես, մի փոքր առնչություն ես ունեցել Օպերայի հավաքների հետ, պետք է պատրաստ լինես ամեն ինչի», - գրել է այսօր «Ժամանակ Երեւան»-ը եւ մանրամասնել. - «Քեզ կարող են փողոցում առանց բացատրության ձերբակալեն, ազատեն աշխատանքից, քրեական գործ հարուցեն քո դեմ, խուզարկեն խանութդ, մեղադրեն ընտրակաշառք բաժանելու մեջ, փամփուշտներ եւ զենք հայտնաբերեն քո սեփական տանը։ Այս օրերին Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրների նկատմամբ տարատեսակ հետապնդումները շարունակվում են տրամաբանության հետ աղերսներ չունեցող սցենարով»։

Ըստ «Ազգ»-ի մեկնաբանի, «այն, որ իշխանություններից դժգոհելու բազում առիթներ մեզանից յուրաքանչյուրն ունի, հերքման ենթակա չէ»: «Հերքման ենթակա չէ, որ այդ դժգոհություններն ամենուր են: Սակայն քչերն են հարց տալիս՝ մի՞թե այդ դժգոհություններն ավելի քիչ էին 5, 10 տարի առաջ», - հարցրել է մեկնաբանն ու հավելել. - «Բնական է, որ 5, 10 տարի առաջ եւ, առավել եւս, դրանից էլ առաջ այդ դժգոհություններն ավելին են եղել եւ սոցիալական վատ վիճակի մեջ ավելի շատ թվով մարդիկ են եղել: Սակայն այդ դժգոհությունները չեն վերածվել պետությունը կործանելուն ուղղված գործելակերպի կամ, այլ կերպ ասած, նստած ճյուղը կտրելուն»։ «Մարդիկ, ովքեր ընդունել են Լեւոն Տեր-Պետրոսյանի ոգեշնչած այդ գործելակերպը, պետք է հասկանան, որ ճյուղը կտրելուց իրենք են տուժելու, այլ ոչ թե նախկին նախագահը», - ամփոփել է հոդվածագիրը:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG