Մատչելիության հղումներ

Տիգրան Թորոսյան. «Մարտի 1-֊ի իրադարձությունները քննարկելու համար ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը հնարավոր է»


Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը չի բացառել ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի ստեղծումը՝ մարտի 1֊-ի իրադարձությունները քննարկելու նպատակով:

Եվրախորհրդի նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի անդամների հետ հանդիպման ժամանակ նա առաջարկել է խորհրդարանական խմբակցությունների հետ համատեղ քննարկել հարցը որոշ ժամանակ անց, երբ արդեն պարզված կլինեն այդ իրադարձությունների հետ կապված հանգամանքները եւ հստակ կլինի, թե ինչ հարցեր են քննարկվելու ժամանակավոր հանձնաժողովում:

«Եթե այդ ժամանակ խմբակցություններն անհրաժեշտ կհամարեն ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը, դա կարվի», - հավաստիացրել է Տիգրան Թորոսյանը:

Այս մեկնաբանությունները նա արել է Ագոյի խմբի ղեկավար Պեր Սյոգրենի առաջարկին ի պատասխան:

Ինչպես հաղորդում է Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունը, Սյոգրենը նշել է, որ «տարբերակներից մեկը խորհրդարանական հանձնաժողովի ստեղծումն է, որի աշխատանքներում պետք է ներառված լինեն նաեւ տարբեր մասնագետներ` հանրության վստահությունն ապահովելու նպատակով»:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի խորհրդարանի չորս պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցին:

«Ճշտվեց, որ այդ որոշումն ընդունելով` Ազգային ժողովը նպատակ է ունեցել քննության համար պայմաններ ստեղծել միայն, եւ նրանք չեն դադարել պատգամավորներ լինել»,֊ - ասված է խորհրդարանի հասարակության հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ:


Ռուզան Խաչատրյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG