Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ընդունել է Ագոյի խմբի պատվիրակությանը


Հայաստանի նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի պատվիրակությանը` Եվրախորհրդում Շվեդիայի դեսպան Պեր Սյոգրենի գլխավորությամբ:

«Դեսպան Պեր Սյոգրենը, նշելով, որ իր գլխավորած պատվիրակության կազմում 9 պետությունների կառավարությունների դեսպաններ են, ընդգծել է, որ դա Հայաստանի նկատմամբ բարեկամական վերաբերմունքի, օժանդակության պատրաստակամության եւ այդ երկրների ու Եվրախորհրդի մեծ հետաքրքրության, Հայաստանի հետ ապագային միտված համագործակցության վկայությունն է, որի շրջանակներում պետք է դիտարկել նաեւ խմբի առաջարկությունները», - փոխանցում է կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Այնուհետ Պեր Սյոգրենն անդրադարձել է այցի օրերին խմբի ունեցած բազմաթիվ ու բազմակողմ հանդիպումների արդյունքում ստացած տպավորություններին եւ ձեւավորված առաջարկություններին, որոնք, նրա հավաստմամբ, հիմնված են եվրոպական չափանիշների եւ սկզբունքների վրա:

Ներկայացված առաջարկություններն ու հարցադրումները, ըստ Պեր Սյոգրենի, նպատակաուղղված են Հայաստանում հետընտրական լարվածության թուլացմանը, երկխոսության խթանմանն ու հասարակության մեջ համերաշխության հաստատմանը:

«Մենք երբեք երկխոսությունից չենք հրաժարվել` ե՛ւ մինչ ընտրությունները, ե՛ւ դրանից հետո մշտապես երկխոսության մեջ ենք եղել տարբեր քաղաքական ուժերի հետ եւ ունեցել ենք հաջողություններ», - ընդգծել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:

Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը պատասխանել է Ագոյի խմբի պատվիրակությանը հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերել են ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվելիք հակակոռուպցիոն միջոցառումներին, տարբեր ոլորտներում նախատեսվող բարեփոխումներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների հեռանկարին, ինչպես նաեւ քաղաքական կոալիցիայի ձեւավորման մանրամասներին:

Այսօր ավելի վաղ Ագոյի խմբի անդամները՝ Պեր Սյոգրենի գլխավորությամբ, խորհրդարանական հանդիպումների շարքն սկսեցին «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունից: Խմբակցության պատգամավոր, նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի վկայությամբ, հանդիպմանը, թիվս այլ խնդիրների, բարձրացվել են «քաղաքական բանտարկյալների, Հ1-ի հարցերը»: Հատուկ ուշադրություն է հատկացվել մարտի 1-ի իրադարձությունների անաչառ քննությանը, որովհետեւ դրա արդյունքներից «մեծապես կախված կլինի իրական երկխոսության կայացումը»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը` «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե իրագործելի է երկխոսությունը, պատասխանեց. - «Եթե որոշումը ինձ մնար, իհարկե` իրագործելի կլիներ»: Հովհաննիսյանը, սակայն, դրա մեխանիզմը տակավին չի տեսնում. - «Տեսնում եմ բարի կամքի արտահայտություններ, կոչեր… բայց կոնկրետ որեւէ մի քայլ այդ հրամայականը իրացնելու համար չեմ տեսել»:

Թե’ իշխանական, թե’ ընդդիմադիր խորհրդարանական ուժերի համար Ագոյի խմբի վեց առաջարկները հիմնականում ընդունելի են. բայց եթե «Ժառանգություն»-ը պնդում է, իր ձեւակերպմամբ, քաղբանտարկյալների շուտափույթ՝ առնվազն խափանման միջոցի փոփոխությունը, իշխանական ուժերը կողմ են նախ սահմանազատել քաղաքականը՝ իրավականից:

«Օրինաց երկիր» կուսակցության եւ խմբակցության ղեկավար Արթուր Բաղդասարյան. - «Իրավական խնդիրները պետք է լուծվել իրավական դաշտում, քաղաքական խնդիրները` քաղաքական դաշտում: Մենք պաշտպանում ենք, որպեսզի նախաքննությունը իր ամբողջ ծավալով կարողանա իրականացվել: Մենք պաշտպանում ենք, որ անկախ միջազգային փորձագետներ, եթե ցանկություն ունեն, թող ներգրավվեն գործընթացին»:

«Եվ համոզված եմ, որ պահանջներ ներկայացնելով` քաղաքական երկխոսություն եւ լավ արդյունքներ ձեւավորել չենք կարող», - հավելեց Բաղդասարյանը: - «Ուղղակի պետք է լինի փոխադարձ քաղաքական կամք: Այն խնդիրները, որոն կուտակված են, այդ խնդիրների շուրջ գալ քաղաքական հանգուցալուծման»:

Դաշնակցության բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը
երկխոսությունը «անշուշտ» իրագործելի համարում է, եւ դա, ըստ նրա, պետք է լինի «խորհրդարանական ընդդիմության հնարավարությունները մեծացնող օրենք ընդունելով», «արտախորհրդարանական նաեւ ուժեր ընդգրկող հասարակական պալատ հիմնելով», «Հանրային հեռուստառադիոընկերության ղեկավարին կոնսենսուսով նշանակելով»:

Ագոյի խումբն, ինչպես նաեւ Եվրախորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-֊Ստեփանյանն այնուհետ հանդիպեցին նաեւ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության հետ, որի ղեկավար Դավիթ Հարությունյանի փոխանցմամբ, խմբի անդամները հատկապես ծայրահեղ հրատապ են համարել հանրահավաքներին առնչվող օրենքին տված՝ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության քննարկումը, որը 38 դիտողություն է պարունակում: Հայաստանի վեհաժողովականները, ըստ Հարությունյանի, փոխանցմամբ, իրենց պատրաստակամությունն են հայտնել աշխատելու եվրոպացի փորձագետների հետ:


Ռուզան Խաչատրյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG