Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Այն, որ ընդդիմությունը որպես քաղաքական երկխոսության նախապայման առաջ է քաշում իր կողմնակից քաղաքական դեմքերի ազատ արձակումը, չի կարելի չափազանցված պահանջ կամ քմահաճույք համարել», - գրում է «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը: - «Ի վերջո, կա շատ պարզ տրամաբանություն. եթե դու որեւէ մեկին ձեռք ես մեկնում, այդ՝ քո պոտենցիալ զրուցակցի ձեռքը չպիտի շղթայված լինի: Կամ՝ եթե դու պնդում ես, որ քո դիմացինը հանցագործ է, ապա ինչի՞ համար ես ձեռք մեկնում... Իշխանությունն ասում է, որ ձերբակալված ընդդիմադիրները հանցագործներ են, բայց այդ պնդումը հասարակության մեջ որեւէ հավատ չի ներշնչում: «Իշխանությունը յուրացնելու» մեղադրանք կարելի է «կպցնել» ցանկացած ընդդիմադիրի: Նույնը՝ ապօրինի զենք-զինամթերքը։ Բավական է, որ հոդված լինի՝ մարդը միշտ կգտնվի»։

«Հայաստանի Հանրապետություն» թերթի փոխանցմամբ, նախագահի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրուցում անդրադառնալով հանրահավաքներ ու երթեր անցկացնելու պահանջի վերաբերյալ ընդդիմության հայտարարությանը, ընդգծել է. - «Պահանջելով նոր հանրահավաքների եւ ցույցերի անցկացման թույլտվություն, Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող ուժերն, ըստ էության, պահանջում են հնարավորություն ընձեռել իրենց՝ նոր բախումների եւ անկարգությունների»։ «Ցավոք, հայտարարության բովանդակությունն ապացուցում է, որ ատելություն եւ անհանդուրժողականություն սերմանելու նրանց քաղաքական ուղեգիծը չի փոխվել, կեղծիքի եւ ստի բաժինը չի պակասել։ Ահա այս գիտակցված մոլուցքն է ամենամեծ վտանգը մեր ժողովրդավարության համար եւ ոչ թե անվտանգության հարցերից բխող՝ իշխանությունների զգուշավորությունը», - հավելել է նախագահի մամուլի խոսնակը։

«Հայք»-ի խմբագրականում կարդում ենք. - «Հայաստանում գրեթե բոլորն արդեն համոզվել են, որ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը մեր երկիրը շփոթում են սովետական «կոլխոզի» հետ։ Ագոյի խմբին էլ, ըստ այդմ, նրանք շփոթում են ռայկոմից եկած «ստուգողների» հետ։ Քանի դեռ խումբը Երեւանում է, փորձում են տպավորություն ստեղծել, թե մեզ մոտ որեւէ հակաօրինական գործողություն տեղի չի ունենում, իսկ եթե նույնիսկ «ստուգողները» դիտողություն են անում, նրանք պիոների պատրաստակամությամբ խոստանում են շտկել բոլոր սխալները»: «Բնականաբար, ստուգողների հեռանալուց հետո «կոլխոզում» ամեն ինչ մնում է նախկինի պես. շարունակվում են նույն օրինախախտումները, իսկ նրանք ովքեր ստուգողների ներկայությամբ համարձակվել էին բողոքել, մեղմ ասած, պատժվում են», - գրել է խմբագիրն ու եզրակացրել, թե «ՀՀ քաղաքացիները պատրաստ են պայքարել օրինականության վերականգնման համար` նույնիսկ առանց միջազգային կառույցների «ստուգումների»։

«168 ժամ» թերթի փոխանցմամբ, ամերիկյան վերլուծաբան Զեյնո Բարանը «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում, հակադարձելով այն պնդումներին, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը վայելում է պաշտոնական Վաշինգտոնի աջակցությունը, ընդգծել է. - «Ես չեմ տեսել որեւէ նշաններ, կամ լսել որեւէ հայտարարություններ, որոնք կվկայեին այն մասին, որ ԱՄՆ-ի կառավարությունը պաշտոնապես աջակցում է Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ ի վնաս Սերժ Սարգսյանի։ Վաշինֆտոնը հարգում է ընտրությունների արդյունքները եւ, ինչպես այլ երկրներում, աշխատելու է այն մարդու հետ, որին հայերը կընտրեն իրենց երկրի նախագահ»։

«Պաշտոն՝ հնազանդության դիմաց» վերնագրով «Տարեգիր» թերթի վերլուծաբանը, բանաձեւելով նորաստեղծ քառակողմ կոալիցիան, նկատել է . - «Պարզ զգացվում է, որ նորաստեղծ կոալիցիային միացած կուսակցություններն ունեն ինքնուրույնության ավելի պակաս աստիճան։ Նախկինում կոալիցիային միացած «Օրինաց երկիր»-ն ու Դաշնակցությունը ժամանակ առ ժամանակ հանդես էին գալիս կառավարության սուր քննադատությամբ։ Ճիշտ է, այդ ամենն ավելի շատ շոու էր հիշեցնում, քանի որ ե'ւ ՕԵԿ-ը, ե'ւ Դաշնակցությունը խորհրդարանական քվեարկությունների ժամանակ մոռանում էին իրենց քննադատությունների մասին»։ «Բայց չէր կարելի չնկատել, որ կուսակցությունները գոնե փորձում էին փրկել իրենց քաղաքական դեմքը։ Հիմա նրանց այդ հնարավորություններից էլ են զրկել», - գրել է վերլուծաբանն ու դիտարկել. - «Պարզ զգացվում է, որ Սերժ Սարգսյանը չի հանդուրժելու կոալիցիոն «գործընկերների» ինքնագործունեությունը, առավել եւս՝ քննադատական նոտաների տեսքով։ Այդ «մեկնած ձեռքը» նման է ոչ թե քաղաքակիրթ բարեւի, այլ փոսն ընկածին հանելու գործողության՝ որոշակի պայմանների դիմաց։ Ընդ որում, այդ փոսը փորել է հենց փոսից հանողը»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG