Մատչելիության հղումներ

Կյանքի որակի միջին ցուցիչով Հայաստանը 112-122-րդ տեղերում է


Կյանքի որակի 2008 թվականի ցուցիչում, որը իր հերթական համարում ներկայացրել է «Ինթերնեյշնլ Լիվինգ» ամսագիրը, Հայաստանը 112-122-րդ տեղերն է կիսում Չինաստանի, Բելառուսի, Կուբայի, Թաիլանդի եւ այլ երկրների հետ:

Աղյուսակը գլխավորում է Ֆրանսիան, որին հաջորդում են Շվեյցարիան, ԱՄՆ-ը, Լյուքսեմբուրգը եւ Գերմանիան:

Տարբեր երկրներում կյանքի որակի ամենամյա ցուցիչը կազմելու համար «Ինթերնեյշնլ Լիվինգ»-ի փորձագետները հաշվի են առնում 9 գործոն` ապրուստի գինը, մշակույթը եւ հանգիստը, տնտեսությունը, բնապահպանությունը, ազատությունը, առողջապահությունը, ենթակառուցվածքները, վտանգները եւ ապահովությունը, կլիման. այդ բոլոր բնագավառներում հավաքած միավորների ընդհանուր գումարը բաժանում են 9-ի եւ ստանում միջին ցուցիչը:

Ֆրանսիայի ցուցիչը 85 է, Շվեյցարիայինը` 84, Միացյալ Նահանգներինը` 83, Լյուքսեմբուրgինը` 82, Գերմանիայինը` 80:

Հայաստանը վաստակել է հետեւյալ միավորները. ապրուստի գինը՝ 59, մշակույթը եւ հանգիստը՝ 56, տնտեսությունը՝ 40, բնապահպանությունը՝ 81, ազատությունը՝ 42, առողջապահությունը՝ 48, ենթակառուցվածքները՝ 47, վտանգները եւ ապահովությունը՝ 64 եւ կլիման՝ 72: Ընդհանուր առմամբ, Հայաստանը վաստակել է 509 միավոր, կյանքի որակի միջին ցուցիչը կազմել է 56:

Հայաստանի հարեւաններից առջեւում 58 ցուցիչով Թուրքիան է, երկրորդը Վրաստանն է՝ 57, Ադրբեջանը Հայաստանից հետ է մնում՝ 48, իսկ Իրանի ցուցիչը 45 է:

Այս տարի ցուցիչում ընդգրկված է 192 երկիր: Առավել ցածր ցուցիչ է տրվել Սիերա Լեոնեին, Սուդանին, Եմենին, Աֆղանստանին, Սոմալիին` 31-32, իսկ ամենավերջին տեղում Իրաքն է` 29:

27-ամյա պատմություն ունեցող «Ինթերնեյնլ Լիվինգ»-ը, որը գտնվում է ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում, կազմում է նաեւ ամբողջ աշխարհում մեծ հեղինակություն վայելող ամփոփագրեր ամենատարբեր թեմաներով` անշարժ գույքի, հյուրանոցների, զբոսաշրջիկների համար հետաքրքիր վայրերի մասին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG