Մատչելիության հղումներ

Երեխաները հաճախ ընտրում են «գերդաստանային» մասնագիտությունները


Բայց կան նաեւ ընտանիքներ, որտեղ երեխաներն առանձնապես ջանք չեն թափում մասնագիտություն ընտրելիս. նրանց համար դեռ մանկուց պարզ է լինում, թե ինչպիսի աշխատանքով են զբաղվելու, ինչ ֆակուլտետում են սովորելու եւ այլն:

Նարե Ֆելեքյանը իր ընտանիքի երրորդ սերունդն է, որ ընտրել է բանասերի մասնագիտությունը: Նրա քույրը, եղբայրը, հայրը, մայրը, տատիկն ու պապիկը նույնպես բանասերներ են: Նարեն նույնիսկ զարմացավ, երբ հարցրի, թե ինչու չի ընտրել որեւէ այլ մասնագիտություն: Ասում է, որ իրենց տան մթնոլորտը ու իր ծնողներն են իր մեջ ներարկել սերը դեպի այդ մասնագիտությունը:

«Երբ խոսում են մութ ու ցուրտ տարիներից, հայրս կատակով ասում է, թե այդ տարիները նպաստել են, որ իր երեխաները գրականություն լավ իմանան, որովհետեւ թեկուզ մոմի լույսի տակ ծնողներս մեզ համար տարբեր գրքեր էին կարդում: Այդ տարիներից է ինձ մոտ առաջացել սերը հումանիտար գիտությունների նկատմամբ», - ասում է Նարեն:

Նարեին շատերն են խորհուրդ տվել շեղվել «ընտանեկան արահետից», նույնիսկ ծնողներն էին կողմ, որ նա բազմազանություն մտցներ իրենց տուն ու մեկ այլ մասնագիտություն ընտրեր: Դպրոցում ուսուցիչները հաճախ էին հարցնում նրան, թե չե՞ն ձանձրանում նրանք ընտանիքով նույն մասնագիտությունից, ու խորհուրդ էին տալիս այլ մասնագիտութուն ընտրել: Բայց նա ուրախ է, որ ընտրել է այդ մասնագիտությունը:

Էլբակյան Լիլին էլ Նարեի պես դպրոցական տարիքում չէր էլ կարող պատկերացնել իրեն մեկ այլ մասնագիտության տեր: Նա նույնպես դարձել է իր ընտանիքի ավանդույթների կրողն ու շարունակողը: Լիլիի պապիկը` Էդգար Էլբակյանը, դերասան է եղել, նրա հայրը թատերական ռեժիսոր է, իսկ մայրը` դերասանուհի: Լիլին էլ համատեղել է հայրիկի ու մայրիկի մասնագիտությունները, դարձել է բեմադրող ռեժիսոր ու դերասանուհի:

Նա մեծացել է թատրոնում, իր առաջին դերը ստացել է 5 տարեկանում: Ինքնուրույն է որոշել չլքել թատրոնը ու ռեժիսոր դառնալ: Նրա ծնողները ոչ խրախուսել են, ոչ էլ երբեւէ փորձել են արգելել Լիլիին մտնել թատերական աշխարհ:

Լիլին ասում է, որ իր ուսերին մեծ պատասխանատվություն է դրված: «Շատ դժվար է, որովհետեւ պատասխանատվությունը մեծ է, դու կամ պիտի արդարացնես, կամ չարդարացնես մարդկանց սպասելիքները, որովհետեւ քեզ միշտ համեմատում են ծնողներիդ հետ», - ասում է նա:

Լիլին կարծում է, որ իր ծնողներից շատ բան է սովորել, թատրոնում աշխատելիս նրան շատերն են նմանեցնում մեկ Արմեն Էլբակյանին, մեկ Աննային, բայց միաժամանակ ասում է, որ թատրոնում ինքը նոր ասելիք ունի, փորձում է անկախ լինել ու ստեղծագործել յուրովի:

Լիլին հիմա բեմադրում է «Կարմիր լապտերներ» պիեսը, որի հեղինակը ինքն է: Ներկայացումը կլինի իր դիպլոմային աշխատանքը, նա կավարտի Կինոինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը ու թատերական աշխարհում իր տեղը կունենա արդեն որպես մասնագետ:


Նանե Սահակյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG