Մատչելիության հղումներ

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Ջորջ Բուշը առաջադրում է Մարի Յովանովիչին


ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը Հայաստանում իր երկրի դեսպանի պաշտոնում ուրբաթ օրը առաջադրել է Մարի Յովանովիչին, ով ներկայումս Միացյալ Նահանգների դեսպանն է Ղրղըզստանում:

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը թափուր է 2006 թվականի սեպտեմբերից, երբ նախկին դեսպան Ջոն Էվանսը ետ կանչվեց, ամերիկահայ շրջանակների եւ ամերիկացի մի շարք քաղաքական գործիչների համոզմամբ` Հայոց ցեղասպանությունը հրապարակավ ճանաչելու համար:

Դեսպանի պաշտոնում Սպիտակ առաջադրում էր մեկ այլ կադրային դիվանագետի` Ռիչարդ Հոգլանդին, որի հաստատումը, սակայն, արգելափակվեց Սենատում` դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսի կողմից, քանի որ Հոգլանդը հրաժարվեց 1915 թվականի իրադարձությունները որակել որպես ցեղասպանություն: Ի վերջո, անցած տարվա օգոստոսին Սպիտակ տունը պաշտոնապես հետ կանչեց Հոգլանդի թեկնածությունը:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալությանը առայժմ չի հաջողվել Ռոբերտ Մենենդեսից կամ նրա գրասենյակից մեկնաբանություններ ստանալ Մարի Յովանովիչի առաջադրման վերաբերյալ:

Այդուհանդերձ, գործակալության փոխանցմամբ, Ամերիկայի հայկական կազմակերպություններն ակնկալում են, որ Հայոց ցեղասպանության հարցը ամերիկացի օրենսդիրների կողմից կբարձրացվի նաեւ Յովանովիչի հաստատման հարցով լսումների ժամանակ:

«Կարեւոր է Երեւանում դեսպան ունենալը, սակայն կարեւոր է նաեւ ճիշտ դեսպան ունենալը», - հայտարարել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը` համոզմունք հայտնելով, որ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի կարեւոր հատկություններից մեկը պետք է լինի պատմական փաստի մասին ճշմարտությունն ասելու կարողությունը:

Յովանովիչի հաստատման հարցով Սենատում կայանալիք լսումների ժամկետի մասին առայժմ չի հաղորդվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG