Մատչելիության հղումներ

Կառավարությունն առաջարկում է լրամշակել Քրեական օրենսգիրքը


Կառավարությունը երեկ հավանություն է տվել ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններին եւ լրացումներին, որոնք, ըստ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության` «պայմանավորված են ՀՀ սահմանադրական կարգի հիմունքների եւ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար պատիժներն առավել հիմնավորված դարձնելու խնդրի լուծման անհրաժեշտությամբ»:

Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, ով կառավարության հեղինակած այս փոփոխությունները զեկուցելու է Ազգային Ժողովում, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ վերլուծություններն են հանգեցրել նման անհրաժեշտության:

«Արդեն հիմա, երբ հարկ է լինում այս հոդվածները կիրառել գործնականում, պարզ է դառնում, որ այդ թերությունները այս կամ այն կերպ խոչընդոտում են քրեական հետապնդում իրականացնող մարմինների աշխատանքին», - ասաց նախարարը` առանձնացնելով. - «Ինչ-որ մի տեղ նաեւ խաթարում են մարդու իրավունքների պաշտպանության բնականոն գործընթացը»:

Քրեական օրենսգրքում փոփոխություններից մեկը, օրինակ, առաջարկվում է 225֊-րդ հոդվածում (զանգվածային անկարգությունների մասին): Դրա երրորդ մասն առնչվում է սպանությամբ ուղեկցվող զանգվածային անկարգությանը, որի համար գործող օրենքով նախատեսվում է 6-12 տարվա ազատազրկում:

«Մինչդեռ չի բացառվում, որ հենց զանգվածային անկարգությունների ընթացքում անձինք հանցագործություն կատարեն ծանրացուցիչ հանգամանքներում», - պարզաբանեց Դանիելյանը: - «Ստացվում է, որ ծանրացուցիչ հանգամանքներում կատարվող սպանության համար Քրեական օրենսգիրքը այս հոդվածով նախատեսում է պատժաչափ, որը հավասարազոր է հասարակ սպանության համար նախատեսված պատժաչափին ու պատժատեսակին, ինչը, բնականաբար, տրամաբանական համարվել չէր կարող: Առաջարկում ենք կատարողների մասով 225-րդ հոդվածը վերանայել»:

«Ազատություն» ռադիոկայանի ճշտող հարցին, որ եթե առաջարկվող փոփոխությունները հետադարձ ուժ չեն կարող ունենալ, ինչո՞վ է պայմանավորված շտապողականությունը, նախարարը արձագանքեց. - «Խոսքն այն մասին է, որ մարտի 1-ի դեպքերի քննությունը առավել տեսանելի է դարձնում Քրեական օրենսգրքում փոփոխությունները»:

Վարչապետի առաջարկությամբ նախագիծն ուղարկվել է նաեւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Հայաստանի օմբուդսմեն Արմեն Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ գրասենյակն առայժմ մեկնաբանություններից ձեռնպահ է, քանի որ «փաստաթուղթը նոր է ստացվել, եւ ուսումնասիրությունները նոր են սկսվում»:

Կառավարության երեկվա նիստին, որի ժամանակ նախագիծը հավանության է արժանացել, ներկա է եղել նաեւ «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, ով գտնում է, որ սա «հերթական իրավիճակային լուծման առաջարկությունն է լինելու Ազգային ժողովին, որը սխալ է, եւ գնալու է, այսպես ասած պտուտակների ձգման մեխանիզմով»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG