Մատչելիության հղումներ

Ոստիկանության տվյալներով` արտակարգ դրության ավարտից մինչ օրս բերման է ենթարկվել 21 անձ


Երեւանում արտակարգ դրության ավարտից հետո՝ մարտի 21-ից մինչ օրս, ոստիկանության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում բերման է ենթարկվել 21 անձ, որոնցից 12-ը՝ մայրաքաղաքում, 9-ը՝ մարզերում: Այդ մասին այսօր տեղեկացնում է ոստիկանության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Համաձայն հաղորդագրության, բերման ենթարկվածներից 5-ը ձերբակալվել են, որոնցից երկուսը կալանավորվել են, մեկի հարցը քննարկման փուլում է, իսկ երկուսը ստորագրությամբ բաց են թողնվել: Ամսվա ընթացքում վարչական վարույթ է հարուցվել 68 անձի նկատմամբ:

Իսկ Երեւանի կենտրոնական փողոցներում «քաղաքական զբոսանքների» մասնակիցներին ոստիկանություն տանելու վերաբերյալ հաղորդագրությունում ասված է. - «Կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում ոստիկանության բաժիններ են բերվել վերջին օրերին մայրաքաղաքում հրահրված, այսպես կոչված՝ «քաղաքական զբոսանքների» եւ «քաղաքական ընթերցումների» կազմակերպիչներ ու մասնակիցներ, որոնց բացատրվել է իրենց գործողությունների անօրինական լինելը, ինչպես եւ ճշտվել է զանգվածային անկարգություններին նրանց մասնակցելու հանգամանքը»:

Մարտի 1-ից 25-ը ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել եւ առգրավվել է 2 ատրճանակ, 2 ինքնաշեն ատրճանակ, 12 հրացան, 5 ինքնաձիգ, 3 ինքնաշեն ինքնաձիգ, տարբեր տեսակի 111 նռնակ, 1 ինքնաշեն նռնակ, նռնակի 6 պայթուցիչ, 3 ական, 1 օպտիկական սարք, լուսազդանշանային 9 հրթիռ, տարբեր տրամաչափի 2936 փամփուշտ եւ ինքնաձիգի 87 պահունակ:

Նույն ժամանակահատվածում քաղաքացիների կողմից կամավոր հանձնվել է 5 ատրճանակ, 1 ինքնաշեն ատրճանակ, ինքնաշեն կրակող 1 սարք, 9 հրացան, 2 ինքնաձիգ, տարբեր տեսակի 133 նռնակ, 3 ինքնաշեն նռնակ, 5 ական, ինքնաշեն 2 ական, տարբեր տրամաչափի 6908 փամփուշտ եւ ինքնաձիգի 163 պահունակ:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG