Մատչելիության հղումներ

Հետախուզման մեջ գտնվող 4 անձանց նկատմամբ մեղադրանք առաջադրելու որոշում է կայացվել


Հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Վահագն Հարությունյանի վկայությամբ, հետախուզման մեջ գտնվող 4 անձանց նկատմամբ մեղադրանք առաջադրելու եւ նրանց որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել:

Այդ անձինք են` Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, Լենդրուշ Տոնոյանը եւ Վիրաբ Մանուկյանը: Նրանց հայտնաբերելու ուղղությամբ իրականացում են օպերատիվ միջոցառումներ:

«Նրանց գտնվելու վայրի վերաբերյալ այս պահին տեղեկատվություն չունենք, այլապես անպայման նրանք կկալանվեն», - հայտարարեց Հարությունյանը` հավելելով, որ, օրինակ, Խաչատուր Սուքիասյանը մեղադրվում է ինչպես 300-րդ հոդվածով (պետական իշխանությունը յուրացնելը), այնպես էլ 225-րդ հոդվածի 3-րդ մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելը):

Հատուկ քննչական ծառայության վարույթում հարուցված քրեական գործից արդեն 8 դրվագ անջատվել եւ ուղարկվել են դատարաններ, 4 անձի նկատմամբ դատական վճիռներ կայացվել են, մյուսների մասով դատաքննությունը շարունակվում է:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հրավիրվելո՞ւ է հարցաքննության նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Վահագն Հարությունյանը արձագանքեց. - «Ինչպես Տեր-Պետրոսյանը, այնպես էլ ցանկացած այլ անձ քրեական գործի նախաքննության ընթացքում գործի քննության շահերից եւ անհրաժեշտությունից ելնելով, անհրաժեշտության եւ նպատակահարմարության դեպքում կհարցաքննվեն»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG