Մատչելիության հղումներ

Մեթյու Բրայզա. «Ոչինչ բանակցային գործընթացում համաձայնեցված չէ, քանի դեռ համաձայնեցված չէ ամբողջ փաթեթը»


Ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան ասել է, որ ոչ ոք Ադրբեջանում համաձայն չէ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը հանրաքվեով որոշելու առաջարկին: Նա չի ասել, թե արդյո՞ք հանրաքվեի դրույթը կա բանակցությունների օրակարգում, պարզապես, նշել է, որ գաղափարն ինքնին անընդունելի է ադրբեջանական կողմի համար:

Անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունված գրավյալ տարածքների մասին բանաձեւին` Բրայզան ասել է. - «Եթե Ադրբեջանը որոշել է առաջ տանել մի բանաձեւ, որը մենք հորդորել ենք առաջ չտանել, ապա դա Ադրբեջանի որոշումն է, եւ մենք այն հարգում ենք: Վերստին ուզում եմ ընդգծել. Ադրբեջանը մեր բարեկամն է եւ ունի ՄԱԿ-ում իր ուզածն անելու իրավունքը: Մեր տեսակետը նրանց չկանգնեցրեց»:

Բրայզայի կարծիքով, բանաձեւը միակողմանի էր: Ամենաբարձր մակարդակով ամերիկացիները նկատել են տվել, որ պատրաստ են մասնակցել բանաձեւի նախագծի խմբագրմանն ու լրամշակմանը: Ինչ-ինչ պատճառներով որոշվել է առաջ տանել այդ նախագիծը: Ամերիկյան կողմի կարծիքով, բանաձեւն այդ տեսքով շատ միակողմանի էր եւ ներառել էր միայն Ադրբեջանի համար հիմնարար հանդիսացող դրույթները: Այլ բան, քան «դեմ» քվեարկել չէր մնում: Բրայզայի փոխանցմամբ` մեկ-երկու աննշան փոփոխությունների դեպքում հնարավոր կլիներ «ձեռնպահ» կամ նույնիսկ «կողմ» քվեարկել:

«Դուք արդեն հրապարակել եք բանակցային գործընթացի մի քանի դրույթ: Դրանք են. Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանումը, Լեռնային Ղարաբաղից եւ շրջակա գրավյալ տարածքներից զորքի դուրս բերումը, փախստականների վերադարձը եւ միջազգային խաղաղապահների տեղակայումը: Այդ ամենը բխում է Ադրբեջանի շահերից: Սակայն ինչո՞ւ է Ադրբեջանը դժգոհ Մինսկի խմբի աշխատանքից»: Պատասխանելով այս հարցին` Բրայզան ասել է, որ որոշ առաջարկներ Ադրբեջանում դիտում են որպես հայերի համար բարենպաստ: 0րինակ, միջանցքը, որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի կապը: Դա մի բան է, որը Հայաստանը շատ է ցանկանում պահպանել եւ որը չի ոգեւորում Ադրբեջանին:

«Մեր քաղաքականությունն է պաշտպանել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը մենք մեր քվեարկությամբ հաստատել ենք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: Բայց մյուս կողմից, Ադրբեջանը ներքաշված է Հայաստանի հետ բանակցությունների մեջ, դա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ է, ինչը նշանակում է, որ եթե Ադրբեջանը լուծում է որոնում, ապա պետք է փոխզիջում գտնի: Փոխզիջումը ծնվում է բանակցություններում: Որոշ մարդիկ Ադրբեջանում չեն ցանկանում փոխզիջում Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցում: Այս ամբողջ վեճը դրա շուրջ է: Եթե նրանք չեն ցանկանում բանակցել այս կետի շուրջ, ապա ընդհանրապես բանակցելու իմաստ չկա: Դու չես կարող խոսել բանակցությունների արդյունքի մասին, քանի դեռ չես սկսել բանակցությունները», - ասել է Բրայզան:

Այդ հայտարարության վերաբերյան APA-ն հարց է տալիս. - «Դուք խոսում եք հանրաքվեի կամ ընտրական այլ ձեւաչափով Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշման մասի՞ն»:

«Ասեմ, որ հիմա դեռ ոչինչ որոշված չէ: Բայց կա ինչ-որ ընտրական հնարավորության հարց, ընտրություն, որը կարող է վճռել Ղարաբաղի կարգավիճակը: Ոչինչ չի որոշվել, քվեարկության կարգը չի որոշվել, թե ե՞րբ դա կարող է լինել՝ դա էլ չի որոշվել: Սա շատ վիճահարույց հարց է, շատ դժվար է գտնել ճանապարհը, որը կհաշտեցնի իմ նշած հարցերը ներառող փոխզիջման անհրաժեշտությունը եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», - ասել է Մեթյու Բրայզան:


Արմեն Քոլոյան, Պրահա

(Լուսանկարը` ՖՈՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG