Մատչելիության հղումներ

Ադրբեջանը հետաքրքրվում է Մինսկի խմբի համանախագահների հետկանչի կամ փոխարինման ընթացակարգով


Ադրբեջանը նամակ է հղել ԵԱՀԿ-ի քարտուղարությանը` Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների հետկանչի կամ փոխարինման ընթացակարգը ուսումնասիրելու նպատակով: Այդ մասին Ադրբեջանի հանրային հեռուստատեսությանը հայտնել է երկրի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը:

«Համանախագահների փոխարինումը իրականացվում է կողմերից մեկի ցանկության հիման վրա: Օրինակ, ԱՄՆ-ի ներկայացուցիչ Մեթյու Բրայզան այդ պաշտոնում փոխարինեց Սթիվեն Մաննին: Պաշտոնական Բաքվին հետաքրքրում է մեկ պահ. եթե ապագայում Ադրբեջանը` որպես Մինսկի խմբի անդամներից մեկը, դժգոհ լինի Մեթյու Բրայզայի կամ այլ համանախագահի որեւէ գործողությունից, եւ եթե տվյալ կառույցում հարցերը լուծվում են կոնսենսուսի հիման վրա, ապա ինչպե՞ս պետք է վարվի Ադրբեջանը նման դեպքում», - ասել է փոխնախարարը:

Ազիմովի խոսքերով, «եթե բոլոր երեք համանախագահները հանդես են գալիս Ադրբեջանի դեմ թշնամական հայտարարություններով, խայտառակում են Ադրբեջանը, հանդես են գալիս այդ երկրի տարածքային ամբողջականության դեմ ուղղված հայտարարություններով, դա պետք է անհանգստացնի` քանի հայտարարություն էլ նրանք անեն այդ ամենից հետո»:

Միաժամանակ, APA գործակալության փոխանցմամբ, նա վստահեցրել է, թե Ադրբեջանը Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխության կողմնակից չէ, այլ ցանկանում է այդ ուղղությամբ արդյունավետ քննարկումների անցկացում:

«Մյուս կողմից, համանախագահները երբեք ամբողջովին չեն ներկայացրել Մինսկի խումբը եւ չեն կարող ներկայացնել: Ադրբեջանի եւ Հայաստանի հետ կապված քննարկումներում նրանք ներկայացնում են ոչ թե Մինսկի խումբը, այլ իրենք իրենց: Եվ նրանք լիազորված չեն Մինսկի խմբի անունից հայտարարություններ անել», - ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարարը:

Մինսկի խմբի համանախագահող երկրները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դեմ են քվեարկել «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG