Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը դատապարտվեց տուգանքի


Նախագահության նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Սոֆիա Քալանթարյանը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվեց 300 հազար դրամ տուգանքի՝ նախագահական ընտրությունների ժամանակ ընտրական հանձնաժողովի աշխատանքին խոչընդոտելու համար:

Մեղադրող կողմը պահանջում էր տուգանքի չափը սահմանել 500 հազար դրամ:

«Մինչ ընտրություններն սկսելը, [Քալանթարյանը] անհիմն կասկածանքներ ու ենթադրություններ է ունեցել ընտրությունների օրինականության եւ ընտրական հանձնաժողովի անդամների` իր հանդեպ ունեցած վերաբերմունքի նկատմամբ։ Կասկածի տակ է առել նաեւ նրանց գիտելիքներն ու պատասխանատվության զգացումը», - ասաց պետական մեղադրող, Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը:

Ըստ մեղադրողի, Սոֆյա Քալանթարյանն իր ապօրինի գործողություններով շեղել է տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների ուշադրությունն ու խոչընդոտել նրանց աշխատանքին։

Ամբաստանյալի պաշտպան Կարեն Թումանյանի խոսքերով, սակայն, «գործում եղած բոլոր փաստերը վկայում են, որ Սոֆյա Քալանթարյանը չի խոչընդոտել հանձնաժողովի աշխատանքներին»։ Ընդհակառակը, ըստ պաշտպանի, «իր անհանդուրժողականությամբ հանձնաժողովը խոչընդոտել է որպես վստահված անձի պարտականությունների կատարմանը»։

Քալանթարյանի մյուս պաշտպան Էդմոն Մարուքյանը, իր հերթին, հայտարարեց. - «Վստահված անձի նկատմամբ քրեական գործի հարուցումը այն դեպքում, երբ նա հանձնաժողովի աշխատանքին չի խոչընդոտել, մեծ հարված է Հայաստանի Հանրապետության առանց այն էլ վտանգված ժողովրդավարությանը։ Այս պարագայում պետությունը վտանգում է ընտրական գործընթացի նկատմամբ քաղաքացիական վերահսկողություն իրականացնող ինստիտուտների կայացումը։ Մի պահ պատկերացնում եմ հաջորդ ընտրությունները, որտեղ վստահված անձինք կլինեն չափազանց կաշկանդված իրենց իրավունքներն ու պարտականությունները կատարելիս՝ իրենց աչքի առաջ ունենալով Սոֆյա Քալանթարյանի գործի տխրահռչակ նախադեպը»։

Քալանթարյանը եւ նրա պաշտպանները համոզված են, որ դատավճիռն անհիմն է եւ քաղաքական ենթատեքստ ունի: Նրանք մտադիր են բողոքարկել դատավճիռը Վերաքննիչ դատարանում:


Կարինե Սիմոնյան, Վանաձոր

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG