Մատչելիության հղումներ

Դողու Փերինչեքը ձերբակալվել է


Թուրքիայում ձերբակալվել է ազգայնական Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը: Ինչպես տեղեկացնում է «Ռոյթերզ» գործակալությունը, ձերբակալությունն իրականացվել է ծայրահեղ ազգայնական ընդհատակյա խմբավորման կողմից նախապատրաստվող հեղաշրջման գործի շրջանակներում:

CNN-Turk հեռուստաալիքի փոխանցմամբ` Փերինչեքից բացի ձերբակալվել են նաեւ Ստամբուլի համալսարանի նախկին ռեկտոր Քեմալ Ալեմդարօղլուն եւ «Ջումհուրիեթ» թերթի խմբագիր Իլհան Սելջուկը:

Գործով արդեն մեղադրանք է առաջադրվել 39 մարդու:

Ծայրահեղ ազգայնական «Էրգենեկոն» խմբավորումը կասկածվում է «Ջումհուրիեթ» թերթի խմբագրատանը անցած տարի իրականացված մի շարք պայթյունների համար: Թուրքական մամուլի վկայությամբ` խմբավորումը ծրագրել է ռմբահարումների եւ սպանությունների շարք եւ կանգնած է եղել Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության ետեւում:

Շուրջ մեկ տարի առաջ շվեյցարական դատարանը Դողու Փերինչեքին Հայոց ցեղասպանությունը ուրանալու համար դատապարտել էր պայմանական ազատազրկման եւ դրամական տուգանք էր սահմանել նրա նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG