Մատչելիության հղումներ

Միջնորդները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հույս են հայտնում


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները երեկ Վիեննայում ընդունած հայտարարությունում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման եւ բանակցությունների վերսկսման հույս են հայտնում:

Միջնորդները նշում են, որ մարտի 14-ին Վիեննայում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ մարտի 15-ին Փարիզում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումներում առաջարկել են հնարավորինս շուտ երկու երկրների ղեկավարների հանդիպում կազմակերպել, եւ առաջարկը սկզբունքորեն ընդունել են երկու կողմերն էլ:

«Համանախագահները անկեղծորեն հույս են հայտնում, որ այդ հանդիպումը կկայանա եւ կհանգեցնի բանակցությունների վերսկսմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Հիմնարար սկզբունքների մասին փաստաթղթի հիման վրա, որը կողմերին է ներկայացվել 2007 թվականի նոյեմբերի 29-ին Մադրիդում` ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի հանդիպման բացումից առաջ», - ասված է հայտարարությունում:

Անդրադառնալով հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում վերջերս տեղ գտած բախումներին, որոնց հետեւանքով եղան զոհեր, միջնորդները «երկու կողմերին հորդորում են ձեռնպահ մնալ միակողմանի եւ մաքսիմալիստական գործողություններից» եւ ամբողջությամբ ու ճշգրտորեն հետեւել հրադադարին վերաբերող իրենց պարտավորություններին:

Համանախագահները վերահաստատում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւի քվեարկությունից առաջ իրենց արտահայտած դիրքորոշումը, համաձայն որի` «Ֆրանսիան, Ռուսաստանի Դաշնությունը եւ Միացյալ Նահանգները պաշտպանում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ հետեւաբար չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, միեւնույն ժամանակ գտնելով, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը կողմերի միջեւ բանակցությունների առարկա է»:

«Համանախագահները համոզված են մնում, որ հակամարտության ցանկացած խաղաղ եւ արդարացի կարգավորում պահանջելու է անխուսափելի փոխզիջումներ կողմերի միջեւ: Նրանք ընդգծում են Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունների հետ կապված դադարից հետո բանակցությունների վերսկսման հրատապ անհրաժեշտությունը: Այդ առումով, նրանք գոհունակությամբ նշում են կողմերի միջեւ քննարկումները շարունակելու անհրաժեշտության հաստատումը երկու արտգործնախարարների կողմից», - ասված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG