Մատչելիության հղումներ

Թերթերը կտպագրվեն միայն «պետական գրաքննությունը» վերացնելուց հետո


Ինչպես երեկ «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից, արտակարգ դրության վերացումից հետո տպարաններում այլեւս գրաքննիչներ չեն լինի:

«Առավոտ», «Հայկական ժամանակ», «Հայք», «Տարեգիր» թերթերի խմբագիրները «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ կտպագրվեն միայն մեկ դեպքում` եթե դադարեցվի «պետական գրաքննությունը»:

«Եթե նորից շարունակվի գրաքննությունը, մենք չենք կարողանա աշխատել, որքան էլ ցանկանանք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը: - «Դա ոչ թե գործադուլ է, բողոքի ցույց է կամ ինչ-որ քաղաքական ցույց է. դա պարզապես պրոֆեսիոնալ աշխատանքի նախապայման է… Եթե դու տալիս ես միայն պաշտոնական տեսակետը, իշխանության տեսակետը, եւ չես տալիս հակառակ տեսակետը, դու դադարում ես լրատվամիջոց լինելուց»:

«Հայք» եւ «Տարեգիր» պարբերականների խմբագիր Վասակ Դարբինյանի կարծիքով` տպարաններում կատարվածը նույնիսկ գրաքննություն չէր. - «Դա ազատ մամուլի գործունեությունն արգելելու, կասեցնելու հստակ գործողություն էր»:

«Այդ վիճակը ամենեւին էլ ներքաղաքական կայունություն հաստատելու հետ որեւէ աղերս չունի», - շարունակեց Դարբինյանը: - «Դա ավելի խորացրեց անկայունությունը, կասկածամտությունը, անվստահությունը իշխանության հանդեպ»:

Այս ընթացքում արգելափակված ինտերնետային կայքէջերից «Ա1+»-ի ղեկավար Մեսրոպ Մովսիսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ ինքը զրուցել է նախագահի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի հետ, եւ վերջինս «խոստացել է, ասել է, որ արտակարգ դրության վերացումից հետո «Ա1+»-ի կայքէջը կգործի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG