Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը առաջարկում է ձեւավորել ազգային համաձայնության կառավարություն


Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը այսօր հայտարարությամբ է հանդես եկել երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ` լավագույն լուծումը համարելով խորհրդարանական բոլոր ուժերի ընդգրկումով ազգային համաձայնության կառավարության ձեւավորումը:

Դաշնակցությունը պատրաստակամություն է հայտնում մաս կազմել համաձայնության կառավարությանը եւ կոչ է անում քաղաքական ընդդիմությանը` «գնահատել ստեղծված իրավիճակի լրջությունը, օգտագործել ընձեռված հնարավորությունը եւ իր մասնակցությամբ երկրում բարեփոխումների գործընթացը դարձնել առավել ամբողջական ու լիարժեք»:

«Նախագահական ընտրություններն ակնառու կերպով ցույց տվեցին, որ ժողովրդի մի զգալի հատվածի մոտ առկա է լուրջ բարեփոխումներ իրականացնելու հստակ պահանջ: Սակայն, ցավոք, ժողովրդի մեջ առկա տրամադրությունները քաղաքական միջոցներով պաշտպանելու եւ ուղղորդելու փոխարեն ընտրվեց առճակատման կործանարար ճանապարհը», - ընդգծում է Դաշնակցության Գերագույն մարմինը:

«Իրավիճակի հետագա վատթարացումը հղի է հայկական երկու պետությունների անկախությանն ու անվտանգությանն ուղղված ռազմա-քաղաքական սպառնալիքներով: Երկիրը կանգնած է իր ազգային-պետական ուղեգիծը վերահաստատելու, ժողովրդավարական բազմակողմանի բարեփոխումների գործընթացը խորացնելու, ներազգային համերաշխությունը վերականգնելու, ազգային համաձայնության մթնոլորտ ձեւավորելու հրամայականի առաջ», - հայտարարում է Դաշնակցության Գերագույն մարմինը` վստահեցնելով. - «Այս պայմաններում հանգուցալուծման միակ ճանապարհը հատվածական-կուսակցական շահի անվերապահ ստորադասումն է հանուն Հայրենիքի եւ հայության առջեւ կանգնած ազգային-պետական նպատակների իրագործման»:

Համաձայնության կառավարությունը, ըստ Դաշնակցության Գերագույն մարմնի, իր առաջնահերթ խնդիրները պետք է համարի` դատական համակարգին գործադիր իշխանության միջամտության բացառումը, այդ համակարգի լիարժեք անկախության եւ անաչառության ապահովումը; անպատժելիության եւ ամենաթողության վերացումը, օրենքի առջեւ բոլորի հավասարությունը; ընտրական գործընթացների նկատմամբ հանրության վստահությունը երաշխավորող, գործադիր իշխանության միջամտությունը բացառող, լիովին անկախ եւ ինքնուրույն ընտրական նոր համակարգի ձեւավորումը; տնտեսական մենաշնորհները բացառող հակամենաշնորհային գործուն օրենսդրական դաշտի ստեղծմամբ մրցակցային արդար կարգի հաստատումը; լիարժեք բազմակարծության, խոսքի ազատության, Հանրային հեռուստառադիոընկերության օբյեկտիվ եւ թափանցիկ գործունեության ապահովումը; ընդդիմության համար քաղաքական համակարգում լիարժեք գործելու երաշխիքների ապահովումը; կենսապահովման նվազագույն զամբյուղի հաշվառման հիման վրա սոցիալական քաղաքականության իրականացումը:

Երկիրը բնականոն հուն մտցնելու, վերոհիշյալ խնդիրները հաջողությամբ լուծելու, հետընտրական լարվածությունը արագ լիցքաթափելու համար Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը անհրաժեշտ է համարում անհետաձգելի միջոցառումների ծրագրի իրականացումը, որին կարող է նպաստել «հանրապետության նախագահին կից` ժողովրդի վստահությունը վայելող անձանցից, հասարակական կազմակերպությունների, արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներից կազմված Հասարակական Խորհրդի ստեղծումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG