Մատչելիության հղումներ

Սոնա Տռուզյան. «Հանրահավաքների որեւէ մասնակից չի ձերբակալվել, եթե նրա գործողություններում առկա չեն եղել քրեական հանցագործության հատկանիշներ»


Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանն այսօր հայտնել է, որ նախագահական ընտրություններից հետո կազմակերպված հանրահավաքների ու երթերի որեւէ մասնակից չի ձերբակալվել, եթե նրա գործողություններում չեն եղել քրեական հանցագործության հատկանիշներ:

«Օրենքով սահմանված կարգի խախտմամբ զանգվածային միջոցառումներին մասնակցելը Հայաստանի գործող օրենսդրությամբ քրեական հանցագործություն չի համարվում, եւ որեւէ մասնակից չի ձերբակալվել, չի կալանավորվել, եթե նրա գործողություններում առկա չեն եղել քրեական հանցագործության հատկանիշներ»,֊ - ասված է դատախազության` այսօր տարածած հաղորդագրության մեջ:

«Բոլոր մեղադրյալներին մեղադրանքներ են առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքով նախատեսված քրեական հանցագործություններ կատարելու համար՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ զանգվածային միջոցառումներ կազմակերպելու եւ անցկացնելու, իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին չենթարկվելու կոչեր անելու, սահմանադրական կարգի խախտմամբ, պետական իշխանությունը յուրացնելուն ուղղված գործողություններ անելու, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելու համար»,֊ - հայտնում է դատախազությունը:

Սոնա Տռուզյանի վկայությամբ՝ կալանավորված եւ ձերբակալված անձանց թվում անչափահասներ եւ կանայք չկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG