Մատչելիության հղումներ

Ինտերպոլը ձերբակալել է ուրուգվայցի զինվորական Անդրանիկ Հովհաննիսյանին


Արգենտինայի «էզեիզա» միջազգային օդանավակայանում Ինտերպոլի մարմինների կողմից ձերբակալվել է ուրուգվայցի հայազգի զինվորական Անդրանիկ Հովհաննիսյանը, ում Իտալիայի դատախազությունը ամբաստանում է մարդկանց առեւանգման եւ սպանությունների մեջ: Հովհաննիսյանը փորձում էր Մայամիից վերադառնալ Ուրուգվայ:

Ըստ ներկայացված մեղադրանքի, Հովհաննիսյանը «բարձր պատասխանատվությամբ» մասնակցել է «Կոնդոր» կոչված գործողությանը, որն իրականացվել է 70-ական թվականներին Հարավային Ամերիկայի մի շարք երկրներում գործող զինվորական բռնապետությունների կողմից` չեզոքացնելու համար ձախակողմյան ընդդիմախոսներին:

Ուրուգվայի հայ համայնքի որոշ անդամներ խոշտանգումների են ենթարկվել մայոր Անդրանիկ Հովհաննիսյանի կողմից: Որպես օրինակ նշենք ձախակողմյան շարժումների անդամ Անահիտ Ահարոնյանին, որն իր գրքում վկայում է այն բռնության մասին, որն իր նկատմամբ իրականացրել էր երիտասարդ տարիների իր ընկեր Անդրանիկ Հովհաննիսյանը:

Այժմ Իտալիայի դատախազ Ջանկարլո Կապալդոն պահանջում է Հովհաննիսյանի էքստրադիցիան, քանի որ ուզում է հետաքննել նրա մասնակցությունը «Կոնդոր» գործողության շրջանակներում իրականացված Իտալիայի 4 քաղաքացիների սպանությունների մեջ:

Իտալիայի դատախազը նշել է, որ Հովհաննիսյանի ձերբակալությունը մեկ քայլ առաջ է, որպեսզի այս տարի Հռոմում սկսվի դատը, եւ հույս է հայտնել, որ ուրուգվայցի զինվորականի մասնակցությունը որոշիչ կլինի ճշմարտությունը վերհանելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG