Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը


Միացյալ Նահանգները, Ֆրանսիան եւ Ռուսաստանի Դաշնությունը, որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով զբաղվող Մինսկի խմբի համանախագահողներ, մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հանդես են եկել հայտարարությամբ՝ Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրադրության վերաբերյալ բանաձեւի դեմ քվեարկելու կապակցությամբ:

«Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության եւ Միացյալ Նահանգների քաղաքական մակարդակի ներկայացուցիչները` իբրեւ Մինսկի խմբի համանախագահողներ, որոնք զբաղվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով, 2007 թվականի նոյեմբերին Մադրիդում տեղի ունեցած նախարարների խորհրդի նիստի օրերին համատեղ կողմերին են առաջարկել Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների մի փաթեթ: Այս հիմնարար սկզբունքները հիմնված են Հելսինկյան եզրափակիչ փաստաթղթի դրույթների վրա, այդ թվում նաեւ այն դրույթների, որոնք վերաբերում են սպառնալիքներից կամ ուժի կիրառումից զերծ մնալու, պետությունների տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների հավասարության ու ինքնորոշման իրավունքներին», - ասված է հայտարարությունում: - «Առաջարկը, որ փոխանցվել է կողմերին Մադրիդում, կազմված է ներկայումս բանակցային փուլում գտնվող սկզբունքների հավասարակշռված փաթեթից: Կողմերը համաձայնել են, որ ոչ մի առանձին տարր չի համարվի համաձայնեցված, մինչեւ բոլոր տարրերը չհամաձայնեցվեն»:

«Դժբախտաբար, այս բանաձեւի նախագիծը ընտրողաբար պաշտպանում է միայն որոշակի սկզբունքներ` բացառելով մյուսները եւ առանց հաշվի առնելու համանախագահների առաջարկները իրենց հավասարակաշռված ամբողջության մեջ», - շարունակում են միջազգային միջնորդները: - «Այս ընտրողական մոտեցման պատճառով էլ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի երեք համանախագահող երկրները պետք է դեմ լինեն այս միակողմանի բանաձեւի նախագծին: Նրանք վերահաստատում են, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ, հավասար պայմաններով եւ տեւական կարգավորումը կպահանջի կողմերի միջեւ անխուսափելի փոխզիջումներ, որոնք կարտացոլեն տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման, ժողովուրդների հավասար իրավունքների, ինչպես նաեւ միջազգային օրենքի այլ սկզբունքներ»:

Մինսկի խմբի համանախագահող երեք երկրները դեմ են քվեարկելու այս միակողմանի բանաձեւի նախագծին, որը «սպառնում է թուլացնել խաղաղության գործընթացը»: Միաժամանակ, նրանք «վերահաստատում են իրենց աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը եւ այդպիսով չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը»:

«Այն ժամանակ, երբ շփման գծի երկայնքով լուրջ բախումներ են տեղի ունեցել եւ արձանագրվել են մարդկային կորուստներ, երկու կողմերը պետք է ձեռնպահ մնան միակողմանի եւ մաքսիմալիստական գործողություններից թե' բանակցային սեղանի շուրջ, թե' դաշտում», - եզրափակել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG