Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Լեւոն Տեր-Պետրոսյանի ձերբակալման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը»


Նախագահության նախկին թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ձերբակալության մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում: Այդ մասին երեկ հայտնել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը:

Տնտեսագիտական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ վարչապետը նաեւ կարծիք է հայտնել, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի պատասխանատվության աստիճանը պետք է որոշի ժողովուրդը:

«Դատավարությունը լինելու է թափանցիկ, բոլորդ հնարավորություն եք ունենալու տեսնելու յուրաքանչյուրի մեղքի աստիճանը», - ասաց վարչապետը: - «Թե ինչ է լինելու Լեւոն Տեր-Պետրոսյանի հետագա ճակատագիրը, կորոշի նախ ժողովուրդը... Ոչ հիմա, որովհետեւ իրավական պատասխանատվությունից բացի, գոյություն ունի բարոյական պատասխանատվություն, կա պատասխանատվություն պատմական: Իրավական առումով ես ոչինչ ասել չեմ կարող: Կարծում եմ, որ բոլոր այն խոսակցությունները, որ այսօր կամ վաղը ձերբակալելու են Լեւոն Տեր-Պետրոսյանին, իրականությանը չի համապատասխանում ուղիղ այնքանով, որքանով իրականությանը չի համապատասխանում այն պնդումները, որ ոչ որեւէ մեկը ռիսկ չի անի Լեւոն Տեր-Պետրոսյանին ձերբակալել»:

Պատասխանելով նման մեկ այլ հարցի, Սերժ Սարգսյանը վստահեցրեց, որ օրենքի առջեւ պատասխան կտան մեղավորները. - «Այլ խնդիր, որ ամեն ինչը հայտնաբերելուց հետո, ամեն ինչը պարզելուց հետո, անշուշտ, դատարանի իրավունքն է` կարող է մեղմ վերաբերվել: Հանրապետության նախագահը իրավունք ունի ներում շնորհել: Բայց մեր հասարակությունը պետք է իմանա, թե ովքեր են կազմակերպել եւ ովքեր են իրականացնել»:

Մարտի 1-ի իրադարձություններին իր վերաբերմունքի մասին վարչապետը ասաց. - «Ինչպես պետք է վերաբերվեմ, երբ հայ մարդը հայ զինվորին, հայ ոստիկանին փորձում է սպանել: Երբ որ հայ մարդը դանակահարում է հայ պատգամավորին միայն ու միայն այն պատճառով, որ այդ պատգամավորը փորձում է պաշտպանել հայ ոստիկանին»:

Նրա տվյալներով, երկու հարյուրից ավելի ոստիկան այդ օրը վնասվածք է ստացել, հիսունը՝ ծանր, քառասունից ավելին՝ հրազենային վնասվածք:

«Նույնիսկ եթե ոստիկանությունը սխալ էր գործել Օպերայի մոտ, որեւէ մեկը իրավունք չուներ այդպես վարվելու», - ասաց Սարգսյանը` շարունակելով. - «Եթե կազմակերպիչները քաղաքակիրթ մարդիկ էին... նրանք կարող էին այդ մարդկանց հանդարտեցնել ու հետո իրավական ճանապարհով բողոքել, ասել, որ ոստիկանությունը սխալ է գործել: Եվ ես` որպես Հայաստանի նորընտիր նախագահ, առանց երկմտելու անկախ քննություն կնշանակեի, անհրաժեշտություն կլիներ` դրսից մարդիկ կհրավիրեի եւ քննություն կանցկացնեի: Բայց որոշ մարդկանց դա չէր պետք: Որոշ մարդկանց մարտի 1-ն էր պետք: Հենց այդ պատճառով է, որ ես ասել եմ, որ մենք էլ ենք մեղավոր. երկար ամիսներ խոսում էինք, բայց չկարողացանք կանխել»:

«Բավական ժամանակ է անհրաժեշտ լինելու, որ իսպառ վերացվեն մարտի 1-ի հետեւանքները», -֊ ասաց Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ իր համար գերխնդիրն է արագորեն գոնե մեղմացնել մթնոլորտը, վերացնել չարությունը:

Ուսանողներից մեկի հարցին, թե ինչպե՞ս է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար նշանակում Արթուր Բաղդասարյանին, որին նախագահ Քոչարյանը «կրկնակի դավաճան է անվանել», Սերժ Սարգսյանը պատասխանեց. - «Քոչարյանի վերաբերմունքը Արթուր Բաղդասարյանին ձեզ թվում է, թե չի՞ կարող տարբերվել Սերժ Սարգսյանի վերաբերմունքից»:

Նորընտիր նախագահի խոսքով` Ղարաբաղի հարցի խաղաղ լուծման «մեծ հնարավորություն» կա. - «Չեմ ուզում թաքցնել, որ մարտի 1-ի իրադարձությունները օգուտ չբերեցին այդ գործին, որովհետեւ մեր երկրի միջազգային վարկին հարված է հասցվել»:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG