Մատչելիության հղումներ

Կալանավորվածների թիվը հասել է 90-ի


Հայաստանի գլխավոր դատախազության հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով քննիչ Վահագն Հարությունյանը եւ դատավարական հսկողություն իրականացնող դատախազական խմբի ղեկավար Հակոբ Ղարախանյանը չորեքշաբթի օրը լրագրողներին տեղեկացրեցին, որ Հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող մարտի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվածների թիվը հասել է 90-ի, ձերբակալվածներինը` 6-ի:

Լրագրողների խնդրանքով անդրադառնալով այս օրերին լայնորեն շրջանառվող տեսանյութերին, որտեղ ոստիկանները կրակում են կոնկրետ ուղղությամբ, մասնավորապես` ի պատասխան հարցին, թե ինչպիսի զենք է կիրառվում այդ պահին, Ղարախանյանը պատասխանեց, թե քննությունը դեռ ընթանում է եւ դա առայժմ չի պարզվել:

«Գլխավոր դատախազի ցուցումով, փորձաքննություններ են իրականացվում կոնկրետ տեսաժապավենների... Իսկ ոստիկանության կողմից կիրառվող լուսածիրային փամփուշտները, եթե մարտական են, ապա ցուցումը եղել է եւ նկարներում էլ երեւում է` միայն օդ են կրակվել: Ցուցարարների վրա մարտական գնդակներով ուղղակի ոչ ցուցում է եղել, ոչ էլ կրակոց է եղել», - հավելեց նա` շարունակելով. - «Չնայած, ես ասեմ հետեւյալը. գլխավոր դատախազի գրավոր հանձնարարությամբ, ցուցումով առանձնահատուկ քննության առարկա է դառնում նաեւ ոստիկանության աշխատակիցների բոլոր գործողությունները, որպեսզի դրանց ի վերջո տրվեն իրավական գնահատականներ: Քանի որ ոչ ոք չի բացառում, որ, կախված իրադարձությունների բնույթից, օջախից, կոնկրետ դեպքերից, ոստիկանության աշխատակիցներից անհատներ... որոշակի գործողություններ կատարած լինեն, որոնց պետք է անպայման գնահատական տրվի, բայց` քննության ավարտից հետո, երբ լիարժեք կունենանք բավարար հիմնավորող կամ հերքող փաստեր»:

Վահագն Հարությունյանը տեղեկացրեց, որ 2008 թվականի մարտի 2-ին հարուցված քրեական գործով պարզվել է, որ տեղի ունեցած զանգվածային անկարգությունները «պլանավորված, մշակված եւ մեկ միասնական ծրագրի մեջ ներառված գործողություններ են` կազմակերպված Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա համախոհների կողմից»:

Քրեական գործի քննությամբ, ըստ նրա, հիմնավորվել է, որ կազմակերպիչների առջեւ խնդիր է դրված եղել սադրանքներ միջոցով ապակայունացնել երկրի իրավիճակը: Մասնավորապես, ըստ Վահագն Հարությունյանի, կազմակերպված կարգով ընտրվել եւ հավաքագրվել են անձինք, որոնց վրա դրված է եղել պարտականություն «զանգվածային անկարգություններ սկսել եւ հրահրել». - «Այդ նպատակով նախապես պատրաստվել են հատուկ հարմարեցված գործիքներ` մահակներ, երկաթյա ձողեր, երկաթյա կոնստրուկցիաներ «ոզնի» անվանմամբ, որոնք քրեական գործով առգրավվել են»:

Ի դեպ, գործը քննող մարմնի ներկայացուցիչն այսօր ասուլիսում ցուցադրեց հատուկ նախապատրաստված երկաթյա «ոզնի» եւ մեկ փայտե մահակ:

Դատախազական խմբի ղեկավար Հակոբ Ղարախանյանը, ներկայացնելով դատախազությունում փաստերի վերլուծությամբ զբաղվող առանձին խմբի վերլուծությունները, նշեց, որ պլանավորված եւ զինված հարձակում է իրականացվել նաեւ ոստիկանների նկատմամբ:

«Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ առանձնացված են կոնկրետ մարդիկ, ովքեր իրենց ձեռքի տակ եղած ցանկացած առարկաներով... կոնկրետ հրահանգով սկսում են քարկոծել եւ այդ առարկաները նետել շարքով կանգնած ոստիկանների ուղղությամբ: Բնականաբար, նրանք էլ, պաշտպանվելու նպատակով, վեր են բարձրացնում իրենց վահանները: Եվ անմիջապես դրան հաջորդում է կրակահերթ ոստիկանների ոտքերին: Սա զուտ ինչ-որ դեպքի նկարագրություն չէ. սրա տակ կան փաստեր: Այսօրվա դրությամբ, քննությանը հայտնի 180 վիրավոր ոստիկանների մեծ մասը ունեն հրազենային վնասվածքներ ոտքերին», - փաստարկեց նա:

Ի դեպ, գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը հավելեց, որ Գլխավոր դատախազը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավարի հետ եւ առաջարկել է ՄԱԿ-ին աջակցելու նաեւ այդ տեսաժապավենի փորձաքննության հարցում:

Բացի ծրագրված գործողություններից, դատավարական հսկողություն իրականացնող դատախազական խմբի ղեկավար Հակոբ Ղարախանյանի փոխանցմամբ, մարդկանց վրա հարատեւ ժամանակ ու նաեւ այդ դեպքերի զարգացման ընթացքում լուրջ հոգեբանական ազդեցություններ են կիրառվել:

«Այդ նեյրոլեզվաբանական ծրագրավորման բաղկացուցիչ տարրեր են, օրինակ, հանդիսացել ինչպես հոգեմետ դեղերի գործածումը, որի վերաբերյալ ապացույցներ արդեն կան բավականին քրեական գործում, այնպես էլ որոշակի բառերի, որոշակի արտահայտությունների կոնկրետ տեղերում եւ կոնկրետ ժամանակին բարձրախոսներով կամ բարձր ձայնով արտահատելու մեջ: Ժամանակի ընթացքում սոցհարցումների կամ այլ հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվում է, թե որ բառերն են, որ ավելի ազդեցիկ տպավորություն են թողնում ամբոխի վրա` որեւէ գրոհ կամ գործողություն կատարելիս: Դրանցից ստեղծվում է մի որոշակի բառախումբ, որոնք էլ օգտագործվում են... Բացի այդ, տվյալներ կան, որ հիմնական գրոհները, որ կատարվել են ոստիկանության աշխատողների նկատմամբ, ուղեկցվել են բարձրախոսների միջոցով որոշակի տոնայնությամբ գվվոցներով, որոնք ստեղծում են մի քանի միլիոն մարդու` հետեւից գալու պատրանք` ստեղծելով գրոհի շատ մեծ ցանկություն»:

Հակոբ Ղարախանյանը նշեց, որ այն մեթոդները, այդ թվում նաեւ հատուկ պատրաստված երկաթյա «ոզիները», որոնք կիրառվել են մարտի 1-ի ընթացքում, գրեթե նույնությամբ կրկնվել են այլ երկրներում:

Ըստ նրա` կան տեխնոլոգիաներ, որոնք կիրառվել են նաեւ «գունավոր» հեղափոխությունների ժամանակ:

Բացի այդ, նախաքննության ընթացքում պարզվել է նաեւ, որ Ազատության հրապարակում հանրահավաքին մինչեւ ուշ երեկո մասնակցելու համար մարդկանց վճարվել է 3000 դրամ, իսկ այնտեղ գիշերելու համար` 5000 դրամ:

«Միլիոնավոր դոլարների ֆինանսավորում է տեղի ունեցել», - ասաց Վահագն Հարությունյանը, սակայն, նախաքննության շահերից ելնելով, չնշեց այդ գումարների աղբյուրները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG