Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Սահմանադրական դատարանը ականապատեց Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը»


Հայաստանի առաջին նախագահ, փետրվարի 19-ի ընտրություններում նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ իր առանձնատանը հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ Սահմանադրական դատարանը մարտի 8-ի որոշմամբ «ական դրեց Սերժ Սարգսյանի լեգիտիմության տակ»:

Տեր-Պետրոսյանը ասաց, որ մարտի 5-ին Սահմանադրական դատարանում ունեցած իր ելույթում դատարանի ուշադրությունը հրավիրել է երկու իրավական հարցի վրա.

«Ընտրական օրենսգրքի 78.1 հոդվածի համաձայն` վարչապետը միայն մեկ հանգամանքում կարող էր գրանցվել ՀՀ նախագահի թեկնածու, այն է` եթե ունենար ՀՀ նախագահի պաշտոնակատարի կարգավիճակ, եւ քանի որ Սերժ Սարգսյանը այդպիսի կարգավիճակ չուներ, հետեւաբար նրա գրանցումն անօրինական է: Իսկ ըստ ՀՀ Սահմանադրության 53.1 հոդվածի` «ռազմական եւ արտակարգ դրության ժամանակ Հանրապետության նախագահի ընտրություն չի անցկացվում»: «Նախագահի ընտրություն» նշանակում է ընտրական ողջ գործընթացը` սկսած առաջադրումից մինչեւ բողոքարկման համար սահմանված ժամկետի ավարտը, այն է` Սահմանադրական դատարանի որոշումը: Ուստի քանի որ Սահմանադրական դատարանի նիստերը կայացել են այդպիսի դրության պայմաններում, ապա ընտրությունները վավերական կամ օրինական չեն կարող համարվել:

Իմ կողմից բարձրացված այս հարցերի վերաբերյալ դատարանում իր առարկությունները ներկայացրեց պատասխանող կողմի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը:

Այսպիսով, Սահմանադրական դատարանն ուներ ընտրական օրենսգրքի 78.1 եւ ՀՀ Սահմանադրության 53.1 հոդվածների վերաբերյալ թե’ դիմող , թե’ պատասխանող կողմի կարծիքները: Ըստ այդմ, դատարանը պարտավոր էր իր վերաբերմունքն արտահայտել դրանց նկատմամբ եւ համապատասխան եզրակացության հանգել, ինչը զարմանալիորեն տեղի չունեցավ:

Սա նշանակում է մեկ բան. Սահմանադրական դատարանը, իրավական փակուղու առջեւ չկանգնելու կամ անհարմար վիճակի մեջ չընկնելու համար, խուսափեց անդրադառնալ անցած ընտրությունների օրինականությունը կասկածի տակ դնող ամենաանառարկելի հիմքերին: Սակայն գերադասելով անտեսել այդ հիմքերը, Դատարանն ընկավ ավելի անպատվաբեր եւ խայտառակ վիճակի մեջ` փաստորեն լռելյայն անվավեր ճանաչելով անցած ընտրությունները եւ ական դնելով Սերժ Սարգսյանի լեգիտիմության տակ»:

Ասուլիսում Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ փոխանցեց, որ ինքը իրազեկում էր ուղարկել Երեւանի քաղաքապետարան արտակարգ դրության վերացումից հետո` մարտի 21-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին:

Քաղաքապետարանից` երեկ ստացված որոշմամբ, սակայն, հանրահավաքի անցկացումը արգելվել է` հիմնվելով «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված 1-ին կետի 3-րդ ենթակետի վրա («առկա են հավաստի տվյալներ, որ նշված օրը, ժամին եւ նշված վայրում` մայրաքաղաքի վարչական տարածքում, անցկացվող միջոցառումն էական վտանգ է սպառնում անձանց կյանքին եւ առողջությանը»):

«Մենք կդիմենք նաեւ հաջորդ օրերի համար, բայց չթույլատրված հանրահավաքներ չենք անցկացնելու: Կօգտագործենք բոլոր օրինական միջոցները, ինչպես արել ենք 5 ամիս շարունակ: Հարյուր տոկոսով վստահ եմ, որ եթե լինեն հանրահավաքներ եւ իշխանությունները մահակներ չկիրառեն, ոչ մի խախտում չի լինելու», - ասաց Տեր-Պետրոսյանը:

«Այսօր մենք ունենք բոլորովին ուրիշ հասարակություն, ուրիշ ժողովուրդ, քան 6 ամիս առաջ: Ես սա համարում եմ մեր ամենամեծ նվաճումը, իմ կյանքի ամենամեծ հաջողությունը: Ես եւ իմ համախոհները հրաշք ենք գործել` ստեղծել ենք քաղաքացիական հասարակություն, գիտակից հասարակություն, ինտելեկտուալ հասարակություն, որի հետ ուզած-չուզած պետք է հաշվի նստեն»:

Անդրադառնալով վերջին օրերի ձերբակալություններին` Տեր-Պետրոսյանը կարծիք հայտնեց. - «Ձերբակալությունները բացառապես քաղաքական ռեպրեսիայի բնույթ ունեն: Բախումների ոչ մի մասնակից չի ձերբակալվել: ՀՀՇ-ի վարչության 70 տոկոսն է ձերբակալվել, մի մասն էլ թաքնվում է: Իմ կենտրոնական շտաբի երեք անդամ է ձերբակալվել, երեքն էլ թաքնվում են: Ինչքան շատ են բանտարկելու, այնքան դժվարացնելու են իրենց գործը: Քաղբանտարկյալը հիմա շատ հազվագյուտ կատեգորիա է: Քաղբանտարկյալներ շատ քիչ երկրներում կան: Ես վստահ եմ, որ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը այսօր շատ ավելի մտահոգ են, քան մեզանից յուրաքանչյուրը: Իրենք հասկանում են, թե ինչ են արել. արյուն է թափվել, եւ նրանք այդ արյան պատասխանատվությունը զգում են»:

«Իշխանությունները անընդհատ խոսում են երկխոսությունից, բայց անում են ամեն ինչ, որպեսզի դա խափանեն: Մենք համաձայն ենք երկխոսության այն օրակարգով, որն առաջարկել է Եվրամիությունը: Ունենք չորս պայման` արտակարգ դրության վերացում, ձերբակալվածների ազատ արձակում, լրատվամիջոցների ազատություն եւ տեղի ունեցածի միջազգային անկախ հետաքննություն»:

Խոսելով իր կանխատեսումների մասին` Լեւոն Տեր-Պետրոսյանը խոստովանեց. - «Ես կանխատեսում էի, որ Ռոբերտ Քոչարյանը գնացող նախագահ է, եւ նրան պետք չէր սրանով ավարտել: Սերժ Սարգսյանը նոր նախագահ էր եւ չէր ուզենա նման ձեւով սկսել: Համարեք, որ սխալվել եմ»:

Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ կարծիք հայտնեց, որ արտակարգ դրությունը Երեւանում կտեւի մինչեւ ապրիլի 9-ը, երբ կկայանա նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնադրման արարողությունը:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG