Մատչելիության հղումներ

Արտասահմանյան մամուլն արձագանքում է


"Մայամի Հերալդի" փոխանցամբ, Հայաստանի Սահմանադրական դատարանը շաբաթ օրը մերժել է ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու մասին ընդդիմության դիմումը: Դատարանն ընդունել է, որ քվեարկության օրը տեղի են ունեցել խախտումներ, սակայն դրանք չեն ազդել ընտրությունների վերջնական արդյունքի վրա: "Մայամի Հերալդը" նշում է, որ ռազմավարական կարեւոր դիրք ունեցող ոչ կայուն Հայաստանում մարտի 1-ին տեղի ունեցած արյունահեղությունը դարձավ անցած տասնամյակում ամենաբարդ քաղաքական ճգնաժամը: "Մայամի Հերալդը" հիշեցնում է նաեւ, որ դիտորդական առաքելությունները հիմնականում դրական են գնահատել փետրվարի 19-ի ընտրությունները:

"Մոսկովսկի Կոմսովոլեցը" գրում է, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը դատախազությանը կարգադրել է քննել խախտումների մասին նյութերը:

"Ուտրո" ռուսական էլեկտրոնային պարբերականի փոխանցմամբ, Հայաստանի Սահմանադրական դատարանն ընդունել այն փաստը, որ հայկական մի շարք զանգվածային լրատվական միջոցներ անհավասար եղանակով են լուսաբանել նախընտրական քարոզարշավը, սակայն, ըստ դատարանի, թեկնածուներն այնուամենայնիվ ունեցել են իրենց նախընտրական ծրագրերն ընտրողներին հասցնելու հնարավորություն:

"Թյորքիշ Ուիքլի" պարբերականը հայաստանյան հետընտրական զարգացումներին նվիրած վերլուծությունը վերնագրել է "Հայաստան. Երեւանյան ցույցի ցրումը նախօրոք ծրագրված ակցիա՞, թե՞ ճակատագրական սխալ": "Թյորքիշ Ուիքլին" նշում է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խիստ ու կոշտ ձեւակերպուների համեմատությամբ վարչապետ Սերժ Սարգսյանն այս ընթացքում փորձել է ավելի մեղմ եւ հաշտ տոնով խոսել:

Անդրադառնալով Հայաստանի Սահմանադրական դատարանի երեկվա վճռին, ԲԲՍ-ին նշում է, որ հեռացող նախագահ Ռոբերտ Քոչարյանը սպառնացել է, թե իշխանությունները նոր զանգվածային չարտոնված հանրահավաքներ չեն հանդուրժի նույնիսկ արտակարգ դրությունը չեղյալ հայտարարելուց հետո: ԲԲՍ-ի թղթակիցը հաղորդում է, որ սեւ զգեստ կրող մի խումբ կանայք, ովքեր ընդդիմադիր դիրքորոշում ունեն, երեկ կազմակերպել են մարտի 1-ի զոհերին հիշատակին նվիրված ակցիա. նրանք ծաղկեպսակներ են տեղադրել այն փողոցում, որտեղ բախումն է տեղի ունեցել:

"Ինթերնեյշնլ Հերալդ Թրիբյունը" գրում է, որ Սահմանադրական դատարանն անփոփոխ է թողել նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին հաղթող ճանաչելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, եւ այսօրվա դրությամբ դեռ հայտնի չէ, թե ի պատասխան դրա ի՞նչ է ծրագրելու ընդդիմության լիդեր, նախկին նախագահ Լեւոն ՏերեւՊետրոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG