Մատչելիության հղումներ

Սահմանադրական դատարանը անփոփոխ թողեց ընտրությունների արդյունքները


Սահմանադրական դատարանը մարտի 8-ին մերժեց նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումները փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ:

Դատարանի անդամ Հրանտ Նազարյանի հրապարակած վճռով Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց Հայաստանի նախագահի ընտրության վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փետրվարի 24-ի թիվ 24-Ա որոշումը:

Միաժամանակ, Սահմանադրական դատարանը վճռեց ընտրախախտումների վերաբերյալ ներկայացված մի շարք փաստեր հանձնել գլխավոր դատախազությանը` քննության համար:

Սահմանադրական դատարանի վճիռը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Մեկնաբանելով Սահմանադրական դատարանի որոշումը՝ Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը շաբաթ օրը Ազատություն ռադիոկայանին ասաց. «Իհարկե ճիշտ կլիներ, որ Սահմանադրական դատարանը հարցը քննարկեր ոչ արտակարգ դրության պայմաններում: Արտակարգ դրության պայմաններում ընտրություններ չեն անցկացնում, իսկ բողոքարկումը Սահմանադրական դատարանում, դա ընտրական գործընթացի մի մասն է»:

Իսկ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովի համոզմունք հայտնեց, թե Սահմանադրական դատարանի որոշումը եւս մեկ անգամ փաստեց, որ այս ընտրությունները իրոք համապատասխանում են մեր երկրի օրենսդրությանը եւ միջազգային չափորոշիչներին:

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Սահմանդրական դատարանին ներկայացրած իր դիմումում, ի շարս այլ փաստարկների՝ նշել էր, որ Նախագահի ընտրություն` նշանակում է ընտրական ողջ գործընթացը, սկսած առաջադրումից մինչեւ բողոքարկման համար սահմանված ժամկետի ավարտը, այն է` Սահմանադրական դատարանի վճիռը:

Եվ քանի որ ըստ Տեր-Պետրոսյանի, ընտրությունների պրոցեսը չի ավարտվել, հայտարարված արտակարգ դրության պայմաններում ընտրությունները վավերական կամ օրինական չեն կարող համարվել:

Սահամանադրական դատարանի կայացրած որոշումը լսելու էին եկել Ազգային ժողովի Հանրապետական եւ Բարգավաճ Հայաստան խմբակցությունների անդամ երկու տասնյակից ավելի պատգամավորներ: Դատարան չէին եկել դիմող կողմերից եւ ոչ մեկը: Լեւոն Տեր-Պետրոսյանի 3, Տիգրան Կարապետյանի 2 ներկայացուցիչներն էլ բացակայում էին:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG