Մատչելիության հղումներ

Իշխանության եւ ընդդիմության արձագանքը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկրորդ միջանկյալ զեկույցին


«Հայաստանի իշխանություններն ի գիտություն են ընդունել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության երկրորդ միջանկյալ զեկույցը: Հետագա մեր քայլերում մենք կանդրադառնանք այդ փաստաթղթում նշված թերություններին` Հայաստանում ընտրական գործընթացը կատարելագործելու նպատակով»,-այդ մասին Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ասել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը:

Վերջինիս խոսքով, արտգործնախարարությունն արձանագրել է, որ
զեկույցում տեղ գտած թերությունների մի մասը արդեն իսկ գտնվում է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում, եւ իշխանությունները քայլեր են ձեռնարկել դրանց արձագանքելու ուղղությամբ` ընդհուպ մինչեւ ընտրախախտումների համար որոշ պատասխանատուներին քրեական պատասխանատվության ենթարկելը:


Lեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի խոսնակ Արման Մուսինյանի կարծիքով, նոր զեկույցը ավելի մեծ փաստական ապացույցների բազա է պարունակում, որոնց պարագայում ընտրությունները ոչ միայն չեն կարող համարվել ազատ ու արդար, այլեւ` կայացած:

«Ներկայացված են ընտրակեղծարարության տարբեր մեթոդներ, խայտառակ խախտումների մասին փաստեր, եւ հստակ ընդգծված է, որ ընտրությունների անցկացման համար պատասխանատու մարմինները շատ դեպքերում ոչ միայն չեն կատարել օրենքով իրենց վերապահված գործառույթները, այլեւ միտունավոր խոչընդոտել են թեկնածուներից մեկի` Lեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց աշխատանքներին»:

Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը ընդգծում է այն փաստը, որ միջանկյալ զեկույցում որեւէ դրական բառ որեւէ ընտրական փուլի մասին արձանագրված չէ: «Նրանք, ովքեր կընթերցեն այս զեկույցը, կհասկանան, որ Հայաստանում ընտրական համակարգը սարսափելի համակարգային ախտեր ունի»,-ասում է պատգամավորը եւ հավելում,- «ընտրությունների վերաբերյալ նախնական զեկույցի համեմատ` այստեղ գնահատականների խստացումը նկատելի է, ավելի ստույգ` փաստերն են ավելի սահմռկեցուցիչ»:

Ըստ Ստեփան Սաֆարյանի, ի տարբերություն նախորդ զեկույցի, որտեղ ասվում էր, թե ընտրություններն անցել են հիմնականում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան, այս փաստաթղթում ընտրություններին որեւէ գնահատական տրված չէ:

«Սա, կարծում եմ` շատ լուրջ իրավիճակ է ստեղծում Հայաստանում եւ բավականին դժվարին կացության մեջ դնում Սահմանադրական դատարանին, որն այսօր երեկոյան պետք է ընթերցի իր որոշումը»,-ասում է «Ժառանգություն» խմբակցության անդամը:

ԵԱՀԿ/ԺՀՄԻ-ի միջանկյալ զեկույցի վերաբերյալ փետրվարի 19-ի ընտրություններում հաղթող ճանաչված Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբից որեւէ արձագանք ստանալ չհաջողվեց:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG