Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպումներ է ունեցել Փիթեր Սեմնեբիի եւ Մեթյու Բրայզայի հետ


Հայաստանի առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը ուրբաթ օրը երկու անգամ հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի եւ նրա գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսովը, Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաուլ դե Լուզենբերգերը եւ այլոք:

Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավոր ելքերը` հիմնված Եվրամիության նախագահության մարտի 4-ի հայտարարության վրա, որը, ինչպես Տեր-Պետրոսյանը հավաստել է Սահմանադրական դատարանում ունեցած իր ելույթում, նա ընդունում է ամբողջությամբ եւ համարում իրավիճակից դուրս գալու լավագույն առաջարկը:

Նույն օրը Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալի օգնական Մեթյու Բրայզայի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը, ԱՄՆ-ի դեսպանության քաղաքական բաժնի ղեկավար Սթիվեն Բենքսը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի ներքին իրավիճակի կարգավորման հետ կապված հարցեր, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները:

Անդրադարձ է եղել նաեւ վերջին օրերին շփման գծում արձանագրված զինադադարի խախտման դեպքերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG