Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակել է երկրորդ միջանկյալ զեկույցը


Փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ Եվրոպայում անվտանգություն եւ համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) առաքելության նախնական զեկույցում դիտորդները լարվածություն եւ անհանգիստ վիճակ էին արձանագրել այցելած ընտրատեղամասերի ավելի քան 6 տոկոսում եւ «փոքրաթիվ բռնության դեպքեր»` չնայած «հարաբերականորեն հանգիստ մթնոլորտին»:

Դրանից հետո միջազգային դիտորդական առաքելությունը տեղեկություններ է ստացել տարբեր աղբյուրներից տեղական դիտորդների, վստահված անձանց, տեղամասային ընտրական հանձնաժողովների (ՏԸՀ) անդամների եւ որոշ լրագրողների նկատմամբ գործադրված հարձակումների եւ ահաբեկումների մասին, հատկապես Երեւանի որոշ համայնքներում:

Թիվ 1 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում (ԸԸՀ), մասնավորապես, երկու դեպքում թեկնածուների վստահված անձինք հնարավոր ֆիզիկական պատժի մասին սպառնալիքներ են ստացել, թիվ 4 եւ 5 ԸԸՀ-ներում երեք թեկնածուների վստահված անձինք ֆիզիկական հարձակման են ենթարկվել. երկու դեպքում` ընտրատեղամասում, մեկ դեպքում` հարակից տարածքում: Թիվ 4 ԸԸՀ-ում մի տեղական դիտորդ ֆիզիկական հարձակման է ենթարկվել եւ կորցրել է գիտակցությունը, իսկ 28 ԸԸՀ-ում ՏԸՀ-ի մի անդամ ընտրությունների օրը բռնի կերպով դուրս է բերվել հանձնաժողովից եւ այլեւս չի վերադարձել:

Դիտորդական առաքելությունը նաեւ ծանոթացել է ՏԸՀ-ների երկու անդամների, երեք վստահված անձանց եւ մեկ քաղաքացու կողմից թիվ 28 ԸԸՀ-ին ներկայացված դիմում-բողոքներին հիշյալ ընտրական հանձնաժողովից իրենց բռնի ուժով հեռացնելու մասին:

Ընտրությունների վերաբերյալ իր նախնական զեկույցում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելությունը փաստել էր, որ իրենց այցելած 111 ընտրատեղամասերից 16 տոկոսում քվեների հաշվման գործընթացը որակվել էր որպես «վատ» կամ «շատ վատ», զորօրինակ` 13/18, 13/30, 17/01 եւ 32/58 ընտրատեղամասերում: Մասնավորապես, 22/15 ընտրատեղամասում միջազգային դիտորդական առաքելության անդամները հաղորդել են, թե ՏԸՀ-ի անդամների վրա ճնշում է գործադրվել այլ թեկնածուների օգտին նշված քվեաթերթիկներից ավելացնել Սերժ Սարգսյանի քվեներին: Թիվ 13/18 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը ցույց չի տվել նշված քվեաթերթիկները, ՏԸՀ-ի անդամները հաշվել են քվեները` գրիչները ձեռքներին, քվեաթերթիկները դրել են սխալ թեկնածուների տրցակների վրա, եւ արձանագրությունները ստորագրվել են մինչեւ քվեների հաշվարկի ավարտը: 11/32 ընտրատեղամասում ՏԸՀ-ի անդամները ստորագրել են մաքուր արձանագրություն: 32/58 տեղամասում փորձեր են կատարվել խոչընդոտել դիտորդական առաքելության դիտորդներին` տեսնել քվեաթերթիկում կատարված նշումները: Այդուամենայնիվ, դիտորդները նկատել են, որ Lեւոն Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկած թերթիկները հաշվարկվել են հօգուտ Սերժ Սարգսյանի: Երկու դեպքում քվեատուփերից դուրս են եկել «զգուշորեն իրար վրա դարսված» ծրարների փաթեթներ, որոնք բոլորն էլ քվեարկված էին հօգուտ Սերժ Սարգսյանի:

Քվեարկության օրվա վերաբերյալ հետագա վերլուծությունների ընթացքում միջազգային դիտորդական առաքելության որոշ անդամներ հայտնեցին, թե ընտրատեղամասային հանձնաժողովների նախագահները մշտապես հեռախոսազանգեր են ստացել արդյունքները զեկուցելու խնդրանքով, հատկապես պրն. Սարգսյանի քվեարկության տոկոսների վերաբերյալ (օրինակ, 25/04 տեղամասի հանձնաժողովի նախագահին վեց անգամ կանչել են` զեկուցելու արդյունքների մասին):

Միջազգային դիտորդական առաքելությունը արդյունքների ամփոփման գործընթացին հետեւել է բոլոր 41 ԸԸՀ-ում, ինչի վերաբերյալ լրացվել է դիտարկման 85 ձեւ: Դրանց մոտ 10 տոկոսում գործընթացը բացասական գնահատական է ստացել, 7 տոկոսում` թափանցիկության պակաս է արձանագրվել: Հաղորդված բացթողումները ներառել են` որոշ ՏԸՀ-ներից չկնքված փաթեթներով ստացված քվեարկության նյութերի դեպքեր, ՏԸՀ-ի արդյունքների արձանագրության մեջ տվյալների ոչ համահունչ լինելը: Մասնավորապես, միջազգային դիտորդները գրանցել են, որ արձանագրությունների մեջ փոփոխություններ են կատարվել, երբ թվերը չեն համընկել (դիտարկումների 39 տոկոսը), ՏԸՀ-ները ԸԸՀ-ից հեռացել են ընտրական նյութերով (օրինակ` թիվ 22/20 ընտրատեղամասի անդամները տարածքային ընտրական հանձնաժողով ժամանելուց հետո մոտ 4 ժամով անհետացել էին, իսկ երբ վերադարձել են` քվեարկության նյութերն ակնհայտորեն բացվել էին):

Որոշ դեպքերում, օրինակ, թիվ 37 ԸԸՀ-ում հանձնաժողովի նախագահը խոչընդոտել է, որպեսզի դիտորդները տեսնեն արձանագրությունները:

Որոշ դեպքերում դիտորդական առաքելության անդամները զեկուցել են արդյունքների ամփոփման գործընթացի խախտումների մասին, օրինակ, թիվ 14 ԸԸՀ-ում Տեր-Պետրոսյանի վստահված անձը վերահաշվարկ է ներկայացրել այն բանից հետո, երբ թիվ 14/32 ՏԸՀ-ի նախագահը ներկայացրել է ՏԸՀ-ի անդամների կողմից ստորագրված 2 օրիգինալ դատարկ արձանագրություններ:

Միջանկյալ զեկույցն արձանագրում է, որ ընտրությունների վերաբերյալ դիտորդների նախնական հայտարարության լուսաբանումը հեռուստատեսությամբ հիմնականում ներկայացրել է փաստաթղթի դրական կետերը եւ, ընդհանուր առմամբ, բաց թողել նշված թերություններին վերաբերող մասերը: Չնայած գործընթացի անցկացման նկատմամբ հանրության մեջ եղած զգալի հակասություններին` հիմնական հեռարձակող լրատվամիջոցները` այդ թվում հանրային հեռուստատեսությունն ու ռադիոն, մեծ ծավալով լուսաբանել են իշխանությունների տեսակետները, սակայն հազվադեպ են հեռարձակել փետրվարի 19-ի քվեարկության անցկացման վերաբերյալ մտահոգություններ ունեցող անձանց կարծիքները:

Անդրադառնալով քվեարկության վերահաշվարկի փուլին` միջազգային դիտորդական առաքելությունը փաստում է, որ, ԿԸՀ-ի համաձայն, վերահաշվարկի դիմումներ են ստացվել 25 ԸԸՀ-ում` 159 ՏԸՀ-ների արդյունքների վերաբերյալ: Մնացած դիմումները ԸԸՀ-ները մերժել են այն հիմնավորմամբ, թե վերահաշվարկ պահանջելու վերջնաժամկետն անցել է: ԸԸՀ-ները մերժել են 34 դիմում` դրանց «անհիմն» լինելու պատճառով: ԿԸՀ-ում գրանցվել են մի քանի բողոքներ, համաձայն որոնց ԸԸՀ-ները չեն գործել շարունակական հիմքերի վրա մինչեւ փետրվարի 20-ի ժամը 14.00-ը, այլ խոսքով` խոչընդոտել են վերահաշվարկի դիմումների ընդունման գործընթացին:

Օրինակ, ԿԸՀ բողոքներ են ստացվել թիվ 32 ԸԸՀ-ի վերաբերյալ, որը մերժել էր թիվ 32/30,32/20, 32/46 ՏԸՀ-ներում ձայների վերահաշվարկ կատարել` հիմնավորելով, թե ժամկետը սպառվել է, մինչդեռ դիմումատուները հաստատում են, որ եղել են հանձնաժողովում ժամը 13:30-ին: Թիվ 8 ԸԸՀ-ի թիվ 8/6,8/16,8/17,8/21,8/23,8/24 ՏԸՀ-ներում նույպես ԸԸՀ-ն մերժել է գրանցել վերահաշվարկի դիմումները, թեեւ դրանք ներկայացվել են մինչեւ գրանցման վերջնաժամկետի ավարտը:

Թիվ 34/01,34/07,34/30 ՏԸՀ-ներում վերահաշվարկ չի կատարվել: Բողոք է ներկայացվել, որ թիվ 35 ԸԸՀ-ի նախագահը չի կատարել վերահաշվարկ`պատճառաբանելով, թե ՏԸՀ-ի հինգ անդամ են ներկա, թեեւ քվորում ապահովելու իրավական պահանջ գոյություն չունի:

Վերահաշվարկի այլ պահանջներ են մերժվել թիվ 3,21,23,24 եւ 38 ԸԸՀ-ում: ԿԸՀ-ն պատասխանել է, թե նման բողոքները պետք է ուղղվեն վարչական դատարան:

Դիտորդական առաքելությունը արձանագրում է, որ թեկնածու Արամ Հարությունյանի ներկայացրած ցուցակը իր կողմից պահանջված ՏԸՀ-ներում վերահաշվարկ կատարելու մասին տարբերվում է նույն թեկնածուի կողմից ԿԸՀ-ին ներկայացրած ցուցակից, ինչը դիտորդները որակել են որպես «շփոթեցնող փաստ»: Ընդ որում, որոշ դեպքերում, օրինակ թիվ 1, 4, 13 ԸԸՀ-ում հանձնաժողովը չի իրականացրել այլ թեկնածուների կողմից պահանջված վերահաշվարկը, քանի որ զբաղված է եղել պարոն Հարությունյանի պահանջով իրականացվող վերահաշվարկով:

Բացի այդ, ըստ դիտորդական առաքելության, դիտարկված վերահաշվարկների մեծամասնությունը ցույց է տվել, որ առաջնային հաշվարկում կային անհամապատասխանություններ ու սխալներ, որոնց մի մասը նշանակալի էր եւ կասկածի տակ էր դնում ՏԸՀ-ների եւ ԸԸՀ-ների քաղաքական անկողմնակալությունը:

Թիվ 5 ԸԸՀ-ն` Դավիթաշեն, օրինակ, անգործություն է ցուցաբերել փետրվարի 23-ին թիվ 5/21 ՏԸՀ-ում վերահաշվարկի, ինչպես նաեւ անհայտ անձանց կողմից ԸԸՀ-ն գրոհելու վերաբերյալ, ովքեր ստիպել են ԸԸՀ-ի անդամներին եւ այլ իրավասու անձանց, այդ թվում`թեկնածուների վստահված անձանց, լրագրողների, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդի հեռանալ հանձնաժողովի տարածքից, մինչդեռ ոստիկանները պասիվորեն կանգնած են եղել:

Նույն օրը թիվ 13/10 ՏԸՀ-ում արդյունքների վերահաշվարկի ժամանակ Lեւոն Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկած թերթիկների ծրարն անհետացել է:

Այլ թերությունների թվում էին քվեաթերթիկների ոչ անհրաժեշտ դասումը որպես անվավեր եւ քվեաթերթիկների վրա կատարված նշումների կամ դրանց վավեր լինելու ուսումնասիրության չկատարումը:

Զեկույցը փաստում է, որ վերահաշվարկի իրականացման վերջնաժամկետի սպառման պահին 24 ՏԸՀ-ների կողմից վերահաշվարկ դեռ կատարված չէր:

«Չնայած օրենսդրությունը նախատեսում է, որ ԸԸՀ-ները կարող են երկարաձգել իրենց աշխատանքային ժամերը, այդուամենայնիվ, առաքելությունը չունի տեղեկատվություն, որ որեւէ ԸԸՀ այդպես է վարվել աշխատանքն ավարտելու համար»:

Անդրադառնալով ընտրությունների արդյունքների վերջնական հրապարակման փուլին, առաքելությունը փաստում է, որ յուրաքանչյուր ՏԸՀ-ի համար ԿԸՀ-ի կողմից թողարկված արդյունքները պարունակում են մի շարք անոմալ արդյունքներ:

«Հայաստանում կան 1923 ընտրատեղամասեր, որոնցից 95-ում մասնակցությունը գերազանցել է 90 տոկոսը, այդ թվում` 44-ում մասնակցությունը եղել է ավելի քան 95 տոկոս»:

«Նույնիսկ հաշվի առնելով Սերժ Սարգսյանի սերտ ընտանեկան կապերը Գորիսի շրջանում, 4 ՏԸՀ-ների արդյունքները ապշեցուցիչ են այն պատճառով, որ նա այստեղ ստացել է քվեների ավելի քան 99 տոկոսը», - արձանագրված է զեկույցում:

Որոշ դեպքերում քվեատուփում եղած թերթիկների թիվը գերազանցել է ընտրողներին տրված քվեաթերթիկների թիվը, կամ հակառակը` նշանակալիորեն պակաս եղել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG