Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը ընդունել է Մեթյու Բրայզային


Նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր ընդունել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզային:

Հանդիպման հիմնական թեման եղել է Հայաստանում հետընտրական շրջանում ստեղծված իրավիճակը եւ դրանից հնարավորինս արագ դուրս գալու հնարավորությունները:

Ընդգծելով իշխանությունների պատասխանատվությունը երկրում կայունության, անվտանգության եւ հասարակական կարգի պահպանման գործում` նախագահն ասել է, որ ձեռնարկված բոլոր միջոցները թելադրված են ստեղծված իրավիճակից: Դրանց հիմնական նպատակն է վիճակը կայունացնել, չեզոքացնել վտանգները եւ գործընթացները վերադարձնել իրենց բնականոն հուն:

Մեթյու Բրայզայի խոսքերով, Միացյալ Նահանգներն ուշադրությամբ հետեւում է Հայաստանում իրադարձությունների զարգացմանը: Հասկանալով երկրում կարգ ու կանոնի հաստատմանն ուղղված կառավարության քայլերը` ամերիկացի դիվանագետը միաժամանակ նշել է, որ իրենց անհանգստացնում է առկա լարվածությունը: Նա կարեւորել է բոլորի կողմից պատասխանատվության դրսեւորումը եւ լարվածության հնարավորինս արագ թուլացումը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Մեթյու Բրայզան Ռոբերտ Քոչարյանի հետ քննարկել է նաեւ այս իրավիճակում գործող որոշակի սահմանափակումների հետ կապված հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG