Մատչելիության հղումներ

Արմեն Հարությունյան. «Խոսքի ազատությունը այն միջոցն է, որը հնարավորություն է տալիս քաղաքական երկխոսության»


Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 15-րդ հոդվածը հնարավորություն է տալիս Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին արտակարգ դրություն մտցնել: Այդ մասին ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը` «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է արտակարգ դրության մասին նախագահի հրամանագիրը բխում Եվրոպական կոնվենցիայի 15-րդ հոդվածից:

«Մի քանի իրավունք կա, որ բացառվում է` 15-րդ հոդվածում հստակ նշվում է, որ դրանք չեն կարող նույնիսկ արտակարգ դրության ժամանակ սահմանափակվել, մնացածը կարող են սահմանափակվել` ելնելով իրավիճակից եւ ողջամիտ սահմաններով, եւ դրանց մասին պետք է տեղյակ պահվի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը: Ըստ 15-րդ հոդվածի, այն իրավունքները, որոնք սահմանափակվել են, բացառության մեջ չեն մտնում, եւ նաեւ դրանց մասին տեղեկացվել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը: Այսինքն, կոնվենցիայի տեսակետից ամեն ինչ նորմալ է», - նշեց օմբուդսմենը:

«Իսկ կարո՞ղ է արդյոք խոսքի ազատությունը, տեղեկատվություն տարածելը սահմանափակվել այնքան, որքան հիմա սահմանափակված է, այսինքն` բացառապես միայն պաշտոնական տեղեկատվություն տարածելը», - այս հարցին Արմեն Հարությունյանը պատասխանեց. - «Ճիշտն ասած, կան որոշ ազատություններ, իրավունքներ, որոնք ես ընդհանրապես, որպես մարդու իրավունքների պաշտպան, կողմնակից չեմ, որ սահմանափակվեն: Որովհետեւ խոսքի ազատությունը այն միջոցն է, որը հնարավորություն է տալիս քաղաքական երկխոսության եւ հարցի լուծման: Բայց մյուս կողմից, հաշվի առնելով բեւեռացվածությունը, այդ թվում նաեւ լրատվամիջոցների, միգուցե դրանով է պայմանավորված եղել, որ փորձել են սահմանափակել եւ պաշտոնական վարկածի սահմաններում մնալ: Այսօր մենք դիմում ենք ստացել եւ փորձում ենք ուսումնասիրել համաչափությունը` այն թերթերը, որոնք չեն տպագրվում, եւ այն թերթերը, որոնք տպագրվում են, եւ ինչ տեքստ են տպագրում, որքանով են դրանք համապատասխանում պաշտոնական վարկածին: Այսօր մենք այդպիսի բողոք ենք ստացել, հանձնարարել ենք արդեն, մեր մասնագետները զբաղվում են: Այստեղ նաեւ համաչափության խնդիր կա, պետք է փորձենք հասկանալ»:

Ինչ վերաբերում է հեռուստատեսությամբ պարբերաբար ցուցադրվող` տարբեր մարդկանց հետ հարցազրույցներին, որոնցում, հիմնականում, քննադատվում է ընդդիմությունը, օմբուդսմենը հայտարարեց. - «Եթե դրանք հեռուստատեսությամբ ցույց են տրվում, ուրեմն դա պաշտոնական կանխավարկածն է, ես այդպես եմ հասկանում: Պաշտոնական մոտեցումն է, որ այս ամենը չպետք է լիներ, դա մեզ վայել չէր, եւ այլն»:

«Փողոցի մարդը ո'չ պաշտոնատար անձ է եւ ո'չ էլ հանրապետության նախագահն է նրան լիազորել պաշտոնական հայտարարություն անելու համար», - այս դիտարկմանը Հարությունյանը արձագանքեց. - «Հասարակության մեջ կան տարբեր կարծիքներ: Ուրեմն, երեւի կարծիքների այդ տեսակն է պետության կողմից պաշտոնական կանխավարկած համարվում, այդ պատճառով միայն այդ տեսակն է ներկայացվում: Ուրիշ բացատրություն չունեմ: Մարդու իրավունքների տեսակետից` ամեն մի միակողմանիություն ոչ թե հարցի լուծման է բերում, այլ հակասությունների խորացման: Կարծում եմ, ճիշտ կլիներ, որ բոլոր տեսակետները ներկայացվեին:

Օմբուդսմենը հայտնեց նաեւ, որ պատասխան չի ստացել մարտի 3-ի հայտարարությունում իր ներկայացրած մի շարք հարցադրումներին, որոնք վերաբերում էին ե’ւ ընդդիմությանը, ե’ւ իշխանության ներկայացուցիչներին:

Նա չի ստացել նաեւ նույն օրը ոստիկանության պետին հղած իր մի շարք դիմումների պատասխանը. - «Չեմ ստացել, բայց ժամանակ դեռ կա, որովհետեւ օրենքը հնարավորություն է տալիս, ժամկետ է տալիս, եւ այդ ժամկետը դեռ չի լրացել: Կարծում եմ, որ կստանանք, որովհետեւ ոստիկանությունը միշտ շատ պարկեշտ, ժամանակի մեջ տեղավորվելով ե’ւ պատասխանել է, ե’ւ համագործակցել է»:

Վկայակոչելով կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանի խոսքերը` «այն, ինչ եղել է, դրանում նաեւ մենք ենք մեղավոր», Արմեն Հարությունյանը ասաց. - «Եվ դա շատ հաճելի էր: Հասարակությունը երկփեղկված է, եւ պետք է երկխոսություն, ընդ որում` նույնիսկ եթե մարդիկ իրար ատում են, պետք է երկխոսության ճանապարհով գնալ, ուրիշ ճանապարհ չկա: Պետք է պատասխանեն նրանք, ովքեր պատճառ են դարձել, հրահրել են, այլ ոչ թե այն մարդիկ, որոնք այդտեղ էին: Բոլորս էլ հասկանում ենք` նմանատիպ հավաքների ժամանակ կան նաեւ մարդիկ, որոնք ալան-թալանի ընդունակ մարդիկ են, բայց հիմնական մասը այդտեղ ժողովրդի մաս է եղել: Այսինքն, մենք պետք է դրականն ու բացասականը իրարից առանձնացնենք, եւ դա էլ ես լսեցի: Այս էլ երկրորդ անգամ նա նմանատիպ կոչ է անում եւ նմանատիպ մոտեցում է ցուցաբերում: Երեւի թե ժամանակն, է, որ այս մոտեցումը որդեգրվի նաեւ մնացածի կողմից»:

«Իհարկե, հակասություններ կան, միշտ էլ լինում են հակասություններ, առանց հակասությունների հասարակությունը մեռած է, բայց այդ հակասությունները քաղաքական երկխոսության միջոցով պետք է լուծվեն», - ընդգծեց օմբուդսմենը:

Եվրամիության նախագահության հայտարարության առնչությամբ, որում, մասնավորապես, կատարվածի անկախ միջազգային հետաքննություն իրականացնելու կոչ կա, Արմեն Հարությունյանը ասաց. - «Ես կողմ կլինեի, որ անկախ փորձաքննություն լինի, որովհետեւ ես կողմ եմ յուրաքանչյուր այնպիսի փորձաքննության, որին կհավատա հասարակության մեծամասնությունը: Որովհետեւ միայն այդ ժամանակ կամաց-կամաց կոնսոլիդացիայի ճանապարհով կարող ենք գնալ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG