Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը հանդիպել է Ջոն Պրեսկոտին


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Հայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտին: Նա մեր երկրում է հետընտրական փաստահավաք առաքելությամբ:

Ինչպես հաղորդել է նախագահի մամլո ծառայությունը, «զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի հետընտրական գործընթացներին, մասնավորապես, չարտոնված հանրահավաքի արդյունքում մարտի 1-ին մայրաքաղաքում հրահրված անկարգություններին, այդ ամենի հետեւանքով երկրում առաջացած լարվածությանն ու իրավիճակի հանգուցալուծման հնարավորություններին: Հանրապետության նախագահը պարզաբանումներ է տվել ԵԽԽՎ-ի ժամանակավոր հանձնաժողովի նախագահին մտահոգող խնդիրների վերաբերյալ»:

Հաղորդագրությունում նաեւ ասված է. - «Նշելով, որ ձեռնարկված միջոցները միանգամայն համարժեք էին ստեղծված վիճակին, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ իշխանություններն անում են հնարավոր ամեն ինչ` մայրաքաղաքում իրավիճակը հնարավորինս արագ կարգավորելու եւ բնականոն հուն վերադառնալու համար:

ԵԽԽՎ-ի ժամանակավոր հանձնաժողովի նախագահը ստեղծված ներքաղաքական իրավիճակի լուծման հիմնական ճանապարհը համարել է վստահության մթնոլորտի ստեղծումը»:

Ջոն Պրեսկոտին այսօր ընդունել է նաեւ վարչապետ Սերժ Սարգսյանը:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG