Մատչելիության հղումներ

Այսօրվա դրությամբ մեղադրանք է առաջադրվել 46 անձի


Հայաստանում նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունների փաստով Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում մարտի 6-ի դրությամբ մեղադրանք է առաջադրվել 46 անձի եւ նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, եւս 20 անձ որպես կասկածյալ ձերբակալվել է:

Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի հաղորդագրության համաձայն, կալանավորված անձանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով` զանգվածային անկարգությունների, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելու, անցկացնելու, այն դադարեցնելու վերաբերյալ պահանջներին չենթարկվելուն ուղղված կոչեր անելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, պետական իշխանությունը յուրացնելու համար:

Միջոցներ են ձեռնարկվում Ազգային ժողովի պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանին եւ Սասուն Միքայելյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Մարտի 4-ին Ազգային ժողովը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդագիրը պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանին, Սասուն Միքայելյանին, Հակոբ Հակոբյանին եւ Մյասնիկ Մալխասյանին որպես մեղադրյալ ներգրավելու եւ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու համաձայնություն տալու մասին:

Հակոբյանը եւ Մալխասյանը կալանավորված են, իսկ Սուքիասյանն ու Միքայելյանը, համաձայն դատախազության հաղորդագրության, «թաքնվում են քննությունից, եւ դատարանի մարտի 5-ի որոշմամբ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը եւ հայտարարվել հետախուզում»:

Հատուկ քննչական ծառայությունում նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG