Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն, Դատախազությունը եւ ՀՌԱՀ-ը միջնորդում են մերժել Կարապետյանի եւ Տեր-Պետրոսյանի դիմումները


Սահմանադրական դատարանում այսօր շարունակվող նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ), Դատախազության, Ոստիկանության եւ Հեռուստատեսության ու ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) ներկայացուցիչները հայտարարեցին, թե փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ընթացքում ընտրախախտումներն ու կեղծիքները զանգվածային բնույթ չեն կրել, ինչպես նշում են դիմումատուներ Տիգրան Կարապետյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Այդ մարմինների ներկայացուցիչների խոսքով` թերություններ եղել են, սակայն դրանք չեն ազդել ընտրությունների ընդհանուր պատկերի վրա: Ուստի նրանք հերթով միջնորդեցին մերժել նախագահ թեկնածուներ Տիգրան Կարապետյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի` ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները:

Գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը իր խոսքում ասաց, որ այս ընթացքում դատախազությունում 37 քրեական գործ է հարուցվել: Առանձնապես ծանր հանցագործություններ թե’ նախընտրական, թե’ ընտրությունների փուլերում չեն կատարվել: Նախընտրական շրջանում, Թամազյանի փոխանցմամբ, հանցագործության մասին 52 հաղորդում է ստացվել եւ դրանցից միայն 12-ի մասով է քրեական գործ հարուցվել:

«Ըստ էության, նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած իրավախախտումները զանգվածային ու տարածված բնույթ չեն կրել», - ասաց Թամազյանը: - «Դրա վկայությունն է նաեւ քրեական գործերի բնույթը, դրանց աշխարհագրությունը»:

ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանը, անդրադառնալով հեռուստատեսությամբ նախագահի թեկնածուների ոչ հավասար եւ կողմնակալ լուսաբանման`դիմող կողմի (Տեր-Պետրոսյանի եu Կարապետյանի) մատնանշած դեպքերին, ասաց, որ իրենց անցկացրած մոնիթորինգով նման փաստեր չեն հայտնաբերվել:

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG