Մատչելիության հղումներ

Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհուրդը դեմ է Հայաստանում լրատվամիջոցների սահմանափակմանը


Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհուրդը խստորեն դեմ է Հայաստանում անկախ լրատվամիջոցների գործունեության սահմանափակմանը:

Խորհրդի` երեկ տարածած հայտարարության մեջ նշվում է, որ «մարտի 2֊-ին ուժի մեջ մտած արտակարգ իրադրության կանոնների համաձայն՝ լրատվամիջոցները ներքաղաքական խնդիրները լուսաբանելիս պարտավոր են օգտվել միայն պաշտոնական աղբյուրներից»:

«Ամերիկայի ձայն» հեռուստակայանի հայկական ծրագիրը եւ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հայկական ծրագրերը այլեւս չեն հեռարձակվում տեղական կայաններով: Ավելին, ինտերնետային հասանելիությունը սահմանափակվել է՝ որպես կառավարության այն ջանքերի մի մաս, որոնք ուղղված են լուրերի եւ տեղեկատվության վերահսկողությանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքական ճգնաժամը խորացել է փետրվարի 19֊-ի վիճարկվող ընտրություններից հետո»,֊ - ասված է հայտարարության մեջ:

«Գրաքննությունը եւ լրատվամիջոցների վրա ճնշումները հակասում են ժողովրդավարությանը»,֊ - ասել է ԱՄՆ֊-ի ոչ ռազմական միջազգային հեռարձակումները վերահսկող Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհրդի նախագահ Ջեյմս Ք. Գլասմանը: - «Մեր հեռարձակողները ցանկանում են ծառայել Հայաստանի լսարանին՝ տրամադրելով նրանց հավաստի լուրեր եւ տեղեկատվություն այս կրիտիկական պահին: Ցավոք, դա այս պահին հնարավոր չէ՝ եթե դու ինտերնետի համբերատար եւ ցանցի բոլոր հնարավորություններից օգտվող այցելու չես»:

Շաբաթավերջի բռնությունների ընթացքում ոստիկանության կողմից Երեւանում ծեծի էր ենթարկվել «Ազատություն» ռադիոկայանի վարորդը` թեեւ ներկայացել էր որպես լրատվամիջոցի աշխատակից, իսկ «Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակցուհին, ով նույնանման ցույց էր լուսաբանում, ներքին զորքերի կողմից քաշքշոցի ու սպառնալիքների էր ենթարկվել:

Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհուրդը անկախ դաշնային մարմին է, որը վերահսկում է Միացյալ Նահանգների կառավարության աջակցությունը վայելող միջազգային հեռարձակումը` ներառյալ «Ամերիկայի ձայն»-ը, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը: Իր հեռարձակման ծառայությունների միջոցով Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհուրդը ԱՄՆ-ի եւ երկրի ղեկավարության համար ապահովում է անմիջական կապ 155- միլիոնանոց լսարանի հետ ամբողջ աշխարհում:

Ներկայումս խորհրդի անդամների թվում են Ջեյմս Գլասմանը, Խոակին Բլայան, Բլանկետա Քուլումը, Դ. Ջեֆրի Հիրշբրեգը, Էդվարդ Կաուֆմանը եւ Սթիվեն Սիմոնսը: Ի պաշտոնե խորհրդի անդամ է Միացյալ Նահանգների պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG