Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն, «Բարգավաճ Հայաստան»-ը եւ «Օրինաց երկիր»-ը ստորագրել են համատեղ հայտարարություն


Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները այսօր ստորագրել են համատեղ հայտարարություն ներքաղաքական իրավիճակի մասին:

«Այն սցենարը, որ իրագործվում է հայ ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետության իշխանություններին վարկաբեկելու համար, շարունակվում է», - ասաց ՀՀԿ-ի նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը: - «Մենք դեռեւս լուրջ ջանքեր պետք է գործադրենք, որպեսզի այդ սցենարն իրականացնողներին կարողանանք համոզել, որ նրանք ճիշտ ճանապարհի վրա չեն»:

Սերժ Սարգսյանը խորհուրդ տվեց «վայրագությունների մասնակիցներին» կամավոր դիմել իրավապահ մարմիններին` հավաստիացնելով նաեւ, որ «երեւան կգան անկարգությունների բոլոր կազմակերպիչներն ու մասնակիցները». - «Անկախ նախկինում գրաված դիրքից, անկախ այսօրվա ունեցած պաշտոններից եւ անկախ մեղքի չափից, նրանք բոլորը պետք է կանգնեն դատարանի առջեւ, եւ մենք մեկընդմիշտ պետք է վերջ տանք Հայաստանում այսպիսի փորձերին»:

«Օրինաց երկիր»-ի նախագահ Արթուր Բաղդասարյանը խոսեց այն մասին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրան սատարող ուժերի կողմից ե’ւ նախընտրական, ե’ւ հետընտրական շրջանում «իրականացվել է ստի եւ շանտաժի քաղաքականություն»:

«Իրադարձությունների ողջ պատասխանատվությունը ընկնում է այն մարդկանց վրա, ովքեր անծրագիր եւ սադրիչ գործողություններով փորձում էին գնալ առաջ», - շարունակեց նա` «ամենայն պատասխանատվությամբ» հայտարարելով. - «Եթե մենք հանկարծ միանայինք Տեր-Պետրոսյանին, ինչը անհնարին էր, եւ մենք դա հայտարարել ենք ընտրությունների ե’ւ նախօրեին, ե’ւ ընտրություններից հետո, դա նշանակում էր, որ Հայաստանում այս մասսայական անկարգություններին արդյունքում զոհերը ավելի շատ էին լինելու»:

«Այդ իրավիճակում, ցավոք, միայն արտակարգ դրությունը կարող էր շտկել, կարգավորել այդ լարված իրավիճակը», - ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: - «Եվ ես ուզում եմ իմ խորին ցավակցությունը հայտնել մարտի 1-ին զոհվածների ընտանիքներին, հարազատներին եւ մտերիմներին»:

Հարցին, թե արդյո՞ք տեղի ունեցածի պատասխանատվությունն ընկնում է նախկին նախագահ Տեր-Պետրոսյանի վրա, Սերժ Սարգսյանը պատասխանեց. - «Ես դատախազ չեմ, որպեսզի պատասխանատվությունը դնեմ ինչ-որ մեկի վրա: Զուտ քաղաքական առումով քաղաքական պատասխանատվությունը անշուշտ այն ուժի վրա է, որը 9 օր շարունակ, առանց իշխանություններին տեղյակ պահելու, առանց ասելու, թե ով է միջոցառման կազմակերպման պատասխանատուն, թե միջոցառումը մինչեւ երբ է տեւելու, զբաղված էր մարդկանց մեջ եղած դժգոհությունը վայրագության վերածելով»:

Վարչապետը հավաստիացրեց, որ հետեւողական է լինելու, որ «ամեն բան պարզվի»: Նրա խոսքով, եղած նյութը ահռելի է` «հարյուրավոր ժամերի ձայնագրություններ կան»:


Աննա Սաղաբալյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG