Մատչելիության հղումներ

Նախագահ Քոչարյանն ընդունել է Փիթեր Սեմնեբիին


Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության hատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, զրուցակիցները քննարկել են «Հայաստանում ընթացող հետընտրական գործընթացները, մասնավորապես ընդդիմության հրահրած անկարգությունների հետեւանքով մայրաքաղաքում ստեղծված իրավիճակը եւ դրա հանգուցալուծման հնարավոր ուղիները»:

Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ իշխանությունների մեծ ցանկությունն է, որ իրավիճակը հնարավորինս արագ կարգավորվի եւ վերադառնա բնականոն հուն:

Ըստ երկրի ղեկավարի այն, ինչ կատարվեց քաղաքականության հետ որեւէ առնչություն չունի, ուղղակի քրեական հանցագործություն է, որը պետք է մանրակրկիտ քննվի եւ բոլոր մեղավորները պատասխանատվություն պետք է կրեն օրենքի առջեւ:

Կարեւորելով կատարվածի օբյեկտիվ եւ համակողմանի քննությունը, Փիթեր Սեմնեբին հույս է հայտնել, որ կարվի հնարավոր ամեն ինչ առկա լարվածությունը թուլացնելու համար:

Երկուշաբթի օրը Եվրամիությունը առաջարկել է միջնորդի դեր ստանձնել Հայաստանում հետընտրական շրջանում սկիզբ առած ճգնաժամը հարթելու գործընթացում:

Կիրակի օրը Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով գլխավոր հանձնակատար Խավիեր Սոլանան հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, որի ընթացքում կոչ է արել «որքան հնարավոր է շուտ հարթել հետընտրական ճգնաժամը»:

«Ես կոչ եմ անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել», - ասված է Խավիեր Սոլանայի հայտարարության մեջ: - «Ընդդիմության հետ երկխոսությունը պետք է վերականգնվի, քանի որ դա է դեպի առաջ տանող միակ ճանապարհը»:

Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով գլխավոր հանձնակատարը միաժամանակ խնդրել էր Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին անձամբ այցելել Երեւան:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG