Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-Պետրոսյանը պատմում է բռնարարքները կանխելու բանակցությունների մասին


Խոսելով մարտի 1-ի իրադարձությունների մասին` Lեւոն Տեր-Պետրոսյանը որոշ մանրամասներ է հաղորդել այն կուլիսային բանակցությունների մասին, որ վարել է իշխանությունների հետ ողջ օրվա ընթացքում` փորձելով հանգուցալուծել իրավիճակը:

«Ֆրանսիական դեսապանատան մոտ հավաքված մարդիկ պահանջում էին, որ ես գնամ այնտեղ: Ես միակ մարդն էի, որ կարող էի վերահսկողության տակ առնել իրադրությունը: Այդ պահին այնտեղ որեւէ բռնարարք չէր եղել: Մարդիկ պարզապես կանգնած բողոքում էին գիշերային իրադարձությունների դեմ: 88-89 թվականներին նման իրավիճակներ շատ էինք ունեցել, եւ այն ժամանակ մենք շատ արագ կարողանում էինք շտկել դրությունը», - երեկ օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հրավիրած ասուլիսում ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը` շարունակելով. - «Իմանալով դա` ես դիմեցի այն մարդուն, որ ինձ գերի էր վերցրել` գեներալ Սարգսյանին ասելով` զեկուցեք ձեր նախագահին, որ այս իրավիճակից դուրս գալու միակ ելքը հետեւյալն է` ես գնում եմ այնտեղ եւ խոսում եմ մարդկանց հետ»:

Ըստ Տեր-Պետրոսյանի, սկզբում իշխանությունները կարծես բավական լրջորեն էին ընկալել իր այդ առաջարկը, որի էությունը, իր խոսքով, հետեւյալն էր. - «Ես կխոսեմ ժողովրդի հետ, կհանգստացնեմ նրանց, սակայն դատարկաձեռն չեմ կարող նրանց մոտ գնալ: Ես պետք է ինչ-որ փոխհատուցում առաջակեի, որ մարդիկ այդ միջոցառումը թողնելով այն փոխարինեին մեկ ուրիշով: Առաջարկեցի խաղաղ երթ կազմակերպել դեպի Օպերա: Օպերան բացառված է, ասացին ինձ: Ես առաջարկեցի հանրահավաք անցկացնել Մատենադարանի մոտ, այդ պահին արտակարգ դրության մասին խոսք անգամ չկար: Ես ցանկանում էի բացատրել մարդկանց ստեղծված իրավիճակը, ասել նրանց, որ հաջորդ օրն արդեն դիմելու ենք քաղաքապետարան` նոր հանրահավաքների անցկացման մասին իրազեկելով»:

Տեր-Պետրոսյանը հատուկ ընդգծել է, որ սկզբում ե’ւ Քոչարյանը, ե’ւ Սարգսյանը կողմ էին այս տարբերակին:

«Նրանք նաեւ առաջարկեցին գնալ մինչեւ «Դինամո» մարզադաշտ կամ կայարանամերձ հրապարակ, բայց ես հրաժարեցի` ասելով. դուք ցանկանում եք մարդկանց հեռացնել քաղաքի կենտրոնից ու արտասահմանցիների աչքից հեռու այդ մարդկանց հետ ինչ ուզեք կանեք: Ասացին լավ` Մատենադարանի մասին էլի կմտածենք: Հետագայում նախագահի անունից փոխանցեցին, որ այդ տարբերակը եւս բացառվում է: Երրորդ անգամ արդեն ավելի կտրուկ էին` որեւէ փոզխիջում լինել չի կարող», - պատմել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Նա նաեւ նշել է, որ իր առաջարկները Ռոբերտ Քոչարյանին փոխանցել է ոչ միայն գեներալ Սարգսյանի, այլ նաեւ Հայաստանում հավատարմագրված դեսպանների միջոցով:

«Վերջիննես հետ եւս սկզբում կարծես մեղմ բանակցություններ էին վարում, ի վերջո, սակայն, դեսպաններին իր մոտ է հրավիրել Արմեն Գեւորգյանը` Քոչարյանի աշխատակազմի ղեկավարը, եւ ասել` որոշել ենք ցրել ցույցը, որեւէ փոզխիջում լինել չի կարող: Այսինքն` որեւէ առիթ ցույցը ցրելու համար չկար. այդ պահին չկար որեւէ բռնություն կամ դրդապատճառ ուժային գործողության դիմելու համար: Նրանք պարզապես որոշեցին ցրել մարդկանց», - ասել է Տեր-Պետրոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG