Մատչելիության հղումներ

Արման Մելիքյան. «Իշխանությունների կողմից ուժի կիրառումը անհամարժեք էր»


Այսօր Երեւանում կատարված ոստիկանական գործողության վերաբերյալ իր գնահատականն է հնչեցրել ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը` դատապարտելով գործադրված բռնությունները:

«Խորը ցավով ստիպված ենք արձանագրել, որ երկխոսություն սկսելու վերաբերյալ արված առաջարկները մնացին անհետեւանք, փոխարենը Երեւանի կենտրոնում իշխանությունը ուժ կիրառեց ցուցարարների նկատմամբ», - ասված է հայտարարությունում: - «Մեր գնահատմամբ` հարցը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու ռեսուրսը սպառված չէր, ուստի իշխանությունների կողմից ուժի կիրառումը անհամարժեք էր եւ կարող է էապես ապակայունացնել ներքաղաքական իրավիճակը»:

«Մեր դիտարկմամբ», - շարունակում է Արման Մելիքյանը, - «դեպքերի նման զարգացումը պայմանավորված էր նաեւ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արթուր Բաղդասարյանի` իշխանությունների հետ համագործակցության հաստատելու ժամանակավրեպ որոշմամբ, որով վերջնականապես խախտվեց քաղաքական հավասարակշռությունը»:

«Դատապարտելով գործադրված բռնությունները` կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին դրսեւորել պատշաճ պատասխանատվություն երկրի ճակատագրի նկատմամբ: Երկխոսության այլընտրանքը բռնությունն է, իսկ բռնությունը բռնություն է ծնում: Մենք պարտավոր ենք գտնել քաղաքացիական համաձայնության հասնելու ուղիներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG