Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայք»-ի խմբագրականը, անդրադառնալով Հայաստանում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ նախագահ Քոչարյանի` երեկ համալսարանում հնչեցրած առաջարկներին, հակադարձել է. - «Իրականում Հայաստանում իրավիճակը նորմալացնելու մի տարբերակ գոյություն ունի՝ չեղյալ համարել փետրվարի 19-ի այսպես կոչված՝ ընտրությունների արդյունքները եւ նշանակել նոր ընտրություններ։ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը ոչ մի կերպ չեն ուզում հասկանալ, որ ժողովուրդը վերջնականապես երես է թեքել իրենցից։ Նրանք չեն ուզում գիտակցել, որ Արթուր Բաղդասարյանին պաշտոն տալուց ժողովուրդը չի բավարարվի եւ չի դադարեցնի պայքարը»։

Անդրադառնալով վարչապետ Սերժ Սարգսյանի եւ «Օրինաց երկիր»-ի նախագահ Արթուր Բաղդասարյանի` երեկ ստորագրված համագործակցության հուշագրին, «Ազգ» թերթի գլխավոր խմբագիրը արձանագրել է. - «Մեր երիտասարդ անկախության պատմության մեջ սա առաջին նախադեպն է, երբ ընտրություններում առավելագույն ձայներ հավաքած կողմը պատրաստակամություն է հայտնում իշխանությունից բաժին հանել՝ եթե ոչ զուտ ընդդիմադիր, ապա գոնե ոչ իշխանական մի ուժի»: «Առայժմ զերծ մնալով ընդլայնված կոալիցիոն համաձայնությունից հնարավոր դժգոհներին անդրադառնալու գայթակղությունից, պետք է շեշտել, որ այդ համաձայնությունը մեծացնում է ներքին վստահության դրամագլուխը նորընտիր նախագահի նկատմամբ», - պնդել է խմբագրականն ու հավելել. - «Մյուս կողմից` միջազգային շրջանակների հարգանքը մեր երիտասարդ ժողովրդավարության հանդեպ»։

«Բոլորն էլ հասկանում էին, որ Արթուր Բաղդասարյանի՝ ընտրություններից առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանին չմիանալը կոնկրետ գին ունի», - իր հերթին գրել է այսօր «Չորրորդ իշխանություն» թերթի մեկնաբանն ու հավելել. - «Սա անսպասելի էր, թերեւս, միայն Արթուր Բաղդասարյանի անկեղծ համակիրների համար։ Այն համակիրների, ովքեր լրջորեն հավատում էին, թե Բաղդասարյանը իսկապես ընդդիմադիր է եւ պայքարում է հանուն պետության ապագայի»։

«Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը, պնդելով, որ երկրի ներսում Տեր-Պետրոսյանը «սպառել ու սպառում է իր բոլոր ռեսուրսները», բխեցրել է. - «Մնում է կառչել փրփուրներից` հույս ունենալով, որ միջազգային հանրությունը, վերանայելով հայաստանյան ընտրություններին տված իր դրական գնահատականները, նոր լիցք կհաղորդի միտինգավորների հիմնական զանգվածին, արտաքին բարդ խնդիրների առջեւ կկանգնեցնի Հայաստանի իշխանություններին»։ «Բայց քանի որ միջազգային հանրությունը, այդ թվում՝ աշխարհի առաջատար երկրները, որեւէ նոր հիմքեր չունեն վերանայելու իրենց նախորդ գնահատականները, Տեր-Պետրոսյանը փորձում է նրանց «բացատրել», թե ինչպես պետք է վերանայել այդ գնահատականները», -
եզրափակել է մեկնաբանը։

«Առավոտ»-ի հոդվածագիրը, պնդելով, որ ստեղծված ներքաղաքական իրավիճակից միակ ելքը նոր նախագահական ընտրություններն են, դիմել է իշխանություններին. - «Մի թքեք մարդկանց հոգու մեջ, ժողովուրդը այդ բանը երբեք չի մոռանում եւ չի ներում։ Իշխանության մեր մոլուցքը չէ՞, արդյոք, պատճառը, որ մենք, դարեր շարունակ, հաղթելով՝ պարտվում ենք, մինչդեռ, քոչվորը, ամեն անգամ, պարտվելով հաղթում է... ժողովրդի մի խմբի հաղթանակը մյուսի նկատմամբ՝ անփառունակ պարտություն է։ Արդար ճանապարհով ընտրված Սատանան ավելի նախընտրելի է, քան սուրբը՝ ընտրված կեղծիքներով եւ բռնություններով»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG