Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը կոչ է անում «չընկրկել բիրտ գործողությունների առջեւ»


Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել նորանկախ Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցությունը, որում «Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացիներին կոչ է անում չընկրկել բիրտ գործողությունների առջեւ, շարունակել պայքարը հանուն սեփական քաղաքացիական իրավունքների եւ մարդկային արժանապատվության»:

«Այսօր վաղ առավոտյան ժամը 6.30-ի սահմաններում ոստիկանությունը` գործող վարչախմբի դիմագծին հարիր դաժանությամբ, ի խախտումն ՀՀ Սահմանադրության եւ Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների մասին միջազգային կոնվենցիաների դրույթների, հարձակվել է Ազատության հրապարակում հավաքված խաղաղ ցուցարարների վրա եւ ցրել 10 օր տեւող նստացույցի հազարավոր մասնակիցներին: Կան բազմաթիվ վիրավորներ եւ, նախնական տեղեկությունների համաձայն, նաեւ զոհեր ու անհայտ ուղղությամբ տարված բազմաթիվ քաղաքացիներ:

«Ժառանգություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է բռնությունների լեզվով ժողովրդի հետ հաղորդակցվելու գործելակերպը, որով իշխանությունները հերթական անգամ իրենց դուրս դրեցին օրենքից եւ, ի տես աշխարհի, եւս մեկ անգամ ցուցադրեցին իրենց բռնատիրական էությունը:

2008 թվականի նախագահական խայտառակ, աննախադեպ խախտումներով անցկացված ընտրություններից հետո սա հերթական հանցագործությունն էր, որը սեփական ժողովրդի հանդեպ կատարեցին գործող իշխանությունները: Նման պայմաններում Հայաստանի Հանրապետությունում նախագահի լեգիտիմ հանրակարգի կայացման մասին խոսելն իսկ ավելորդ է: Այսօրինակ աշխատաոճն անպայման մեծ խնդիրներ կառաջացնի Հայաստանի Հանրապետության առջեւ` թե' ներքին եւ թե' արտաքին մարտահրավերներին դիմակայելու առումով:

Սա միաժամանակ իշխանությունների երկակի բարոյականության վառ դրսեւորում է` Ազատության հրապարակում հավաքված «քույրերին ու եղբայրներին» ուղղված համագործակցության կոչերի լույսի ներքո»:

«Հայաստանի Հանրապետությունն արժանի է օրինական, ժողովրդի վստահությունը վայելող իշխանության, եւ վաղ թե ուշ ժողովրդի ոգեղեն միակամությունն ու արդար ոգորումները կծնեն այդպիսի իշխանություն», - իր հայտարարությունն ամփոփել է «Ժառանգություն»-ը:

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG