Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր գործիչները մեկնաբանում են առավոտյան տեղի ունեցածը


Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներից` ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանի բնորոշմամբ, ժամը 7-ին Ազատության հրապարակում սկսված «Կոլցո» օպերացիան» նման էր Գետաշենի օպերացիային, երբ «թուրքական օմոնը շրջապատեց Գետաշենը, քանի որ խաղաղ ցուցարարների նկատմամբ նման գործողությունները կարող են լինել միայն ֆաշիզմի օրոք, իսկ սա, իսկապես, ֆաշիզմ է արդեն»:

«Սա միգուցե իշխանությունների ամենահիմար քայլն է` խաղաղ ժողովրդի, մեր եղբայրների քույրերի հանդեպ նման բիրտ ուժի կիրառումը: Եվ գտնում ենք, որ երեւանցիները, հայաստանցիները, ամբողջ հայ ժողովուրդը երբեք ու երբեք նման քայլը չի ներելու», - հայտարարեց Եղիազարյանը: - «Սա [2004 թվականի] ապրիլի 12-ը չի, սա մարտի 1-ն է 2008 թվականի, եւ ասեմ ձեզ` մենք անկոտրում ենք, եւ երբեք ու երբեք ֆաշիզմը չի անցնելու Հայաստանում»:

«Իշխանությունները արդեն որերորդ անգամ սկզբից կեղծում են ընտրությունները, հետո օմոնով այն պաշտպանում: Այս անգամ դա չի անցնելու, չի լինելու նման բան: Այս անգամ Հայաստանը դա չի ներելու, մենք ասելու ենք` ոչ, եւ կանգնելու ենք մինչեւ վերջ», - հայտարարեց ազգային անվտանգության նախկին փոխնախարարը:
Հայոց համազգային շարժման ղեկավար անդամ Երջանիկ Աբգարյանի խոսքերով` իրենք դիմելու են միջազգային կառույցներին, հանդես են գալու հայտարարություններով եւ աջակցության կոչ են անելու:

Սոցիալ դեմոկրատական հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, իր հերթին, հայտարարեց. - «Ինչ բռնություններ որ կիրառեն, միեւնույն է, մեր ժողովուրդը 10-ամյա թմբիրից արթնացել է, եւ այլեւս դա կասեցնել անհնար է: Որքան էլ փորձեն ահաբեկել, միեւնույն է, շարքային մարդկանց միջից դառնալու են նոր լիդերներ, եւ այդ պրոցեսը շարունակվելու է: Անկասելի է այս պայքարը արդեն»:

Լյուդմիլա Սարգսյանը դիմեց Սփյուռքի բոլոր կառույցներին, համայն հայությանը, «որպեսզի դիմեն միջազգային բոլոր կառույցներին, դեսպանատներին, բողոքի ակցիաներ կազմակերպեն ու ներկայացնեն այն վիճակը, որը իրականում տիրում է Հայաստանում»:

«Հայաստանում իրականում բռնապետական իշխանություն է, որին թվում է, որ ամենաթողությունը միշտ արդարացվելու է: Այս անգամ չեն մարսելու», - հայտարարեց Հնչակյան կուսակցության ղեկավարը:


Կարինե Քալանթարյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG