Մատչելիության հղումներ

Վազգեն Մանուկյան. «Ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում չենք բողոքարկելու»


Նախագահի թեկնածու, Ազգային ժողովրդավարական միության առաջնորդ Վազգեն Մանուկյանն այսօր հայտարարել է, որ չի պատրաստվում Սահմանադրական դատարանում բողոքարկել փետրվարի 19֊ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները:

«Մեր ձեռքի տակ եղած բոլոր փաստերը ցույց են տալիս, թե ինչ անընդունելի խախտումներ են տեղի ունեցել ընտրությունների ընթացքում, բայց դրանք մեզ չեն տալիս բավարար իրավական հիմք` բողոքարկելու ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում», - ասված է նախագահի թեկնածուի հայտարարությունում:

Վազգեն Մանուկյանը նաեւ պարզաբանել է, թե ինչու չի դիմել տարբեր ընտրատեղամասերում ձայների վերահաշվարկի պահանջով. - «Մեր վստահված անձինք արձանագրել են բազմաթիվ խախտումներ ընտրությունների ընթացքում: Մենք չպահանջեցինք վերահաշվարկել որոշ տեղամասերի արդյունքներ, քանի որ մյուս թեկնածուների կողմից արդեն ներկայացված էր պահանջ 159 տեղամասերի վերաբերյալ, իսկ օրենքով սահմանված ժամկետում ավելին բացել հնարավոր չէր (իրականում 159-ից հասցրեցին կազմակերպել միայն 134-ի ստուգումը)»:

«Մի կողմից ամեն գնով իշխանությունը պահելու ձգտումը, մյուս կողմից կուրացնող ատելության ալիքի վրա ամեն գնով իշխանության հասնելու մոլուցքը տանում են մեր հասարակությանը դեպի փակուղի` վտանգելով մեր երկրի եւ մեր ժողովրդի ապագան: Հասունացել է պահը սթափ գիտակցելու ստեղծված իրավիճակը: Իրական պայքարը հանուն ժողովրդավարական Հայաստանի առջեւում է, եւ ես շնորհակալություն հայտնելով ինձ ընտրողներին եւ համախոհներին, որոնց թիվը անհամեմատ մեծ է, քան պաշտոնապես արձանագրված տվյալները, կոչ եմ անում միասին փնտրել ուղիներ` դուրս բերելու մեր երկիրը այս փակուղուց դեպի իրական զարգացում»,֊ - եզրափակել է Վազգեն Մանուկյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG