Մատչելիության հղումներ

Վրաստանի իշխանությունն ու ընդդիմությունը համատեղ կկազմեն հեռահաղորդակցության նոր խորհուրդը


Վրաստանում այսօր իշխանություններն ու ընդդիմությունը համատեղ ուժերով կկազմեն երկրի հեռահաղորդակցության նոր խորհուրդը, որտեղ հավասար չափով ներկայացված կլինեն թե’ ընդդիմությունը, թե’ իշխանությունը, իսկ ղեկավար կընտրվի երկու ուժերի համակրանքը վայելող անձը:

Խորհուրդը ոչ միայն կարգավորելու է Հանրային հեռուստատեսության առաջնահերթությունները, ծրագրային ուղղությունները, այլեւ նշանակելու է հեռուստատեսության տնօրենին:

«Նոր ղեկավարի շուրջ համաձայնության գալուն պես` ներկայիս նախագահը հրաժարական է տալու», - ասել է ընդդիմադիր գործիչ Դավիթ Ուսուփաշվիլին: - «Հանրային հեռուստաընկերության ղեկավարի փոփոխությունը ընդդիմության հիմնական պահանջներից մեկն էր: Անցած շաբաթ, երբ սովորականի պես աշխատում էինք շտաբում, ուշ գիշերով հեռախոսազրույց տեղի ունեցավ միացյալ ընդդիմության առաջնորդ Lեւան Գաչեչիլաձեի եւ Ազգային ժողովի խոսնակ Նինո Բուրջանաձեի միջեւ: Իշխանությունները մեզ երաշխիքներ տվեցին, որ սահմանված ժամկետում կիրականացնեն այս եւ մեր կողմից առաջ քաշված մի շարք այլ պահանջներ»:

Վրացական լրատվամիջոցների համաձայն, մասնավորապես, իշխանությունները համաձայնել են ոչ միայն հավասարության սկզբունքով ձեւավորել Հանրային հեռուստախորհուրդը, այլեւ մինչեւ մարտի 15-ը վերանայել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը, պաշտոնանկ անել հանձնաժողովի ներկայիս նախագահին, ինչպես նաեւ փոփոխություններ մտցնել երկրի Սահմանադրությունում եւ Ընտրական օրենսգրքում:

Այդ փոփոխություններով նախատեսվում է ընդդիմության հավասար ներկայություն Կենտրոնական ընտրական հանձնաժողովում եւ ընտրատարածքային հանձնաժողովներում, ինչպես նաեւ խորհրդարան անցնելու համար սահմանված 7-տոկոսանոց արգելքի նվազեցում մինչեւ 5 տոկոս:



Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG