Մատչելիության հղումներ

Երեւանի մամուլի ակումբ. «Հայաստանյան հեռարձակողները դրական են լուսաբանել Սերժ Սարգսյանին, բացասական՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին»


Նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Հայաստանի հիմնական հեռարձակող լրատվամիջոցները դրական են լուսաբանել վարչապետ Սերժ Սարգսյանին, իսկ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը բացասական լուսաբանման է արժանացել: Նման արդյունք է տվել Երեւանի մամուլի ակումբի եւ «ԹԻՄ» հետազոտական կենտրոնի մոնիտորինգը, որն անցկացվել է ողջ քարոզարշավի ընթացքում:

«Այսքան բեւեռացված լուսաբանում նույնիսկ 96 թվականին չի եղել», - «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասել է Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը:

Հայաստանի հանրային հեռուստատեսության, ԱԼՄ, «Արմենիա», «Հայկական երկրորդ հեռուստաալիք», «Երկիր Մեդիա», «Կենտրոն», «Շանթ» հեռուստակայանների եւ Հայաստանի հանրային ռադիոյի հաղորդումների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Սերժ Սարգսյանի լուսաբանման 1384 դեպքերից 264-ը եղել է դրական, իսկ 60-ը բացասական, մինչդեռ Լեւոն Տեր-Պետրոսյանի լուսաբանման 1232 դեպքերից 406-ը եղել է բացասական, իսկ 22-ը` դրական:

Վերլուծաբանները փաստում են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանից գրեթե 7 անգամ ավելի բացասական է ներկայացվել: Տեր-Պետրոսյանին վերաբերող նյութերի շատ մեծ մասը, շատ մեծ տոկոսը վարկաբեկիչ բովանդակություն ունեին:

Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ Լեւոն Տեր-Պետրոսյանի լուսաբանման 153 դեպքերից 63-ը եղել է բացասական, իսկ դրական լուսաբանում ընդհանրապես չի եղել:

«Եթե նախորդ ընտրություններում քիչ թե շատ միջազգային ստանդարտներին համապատասխան էր գործում Հանրային հեռուստատեսությունը, այս անգամ այն լավագույն դեպքում ոչ մի բանով չէր տարբերվում մասնավոր հեռուստաընկերություններից, եթե չասենք, որ նրանցից էլ ավելի կողմնակալ էր», - փաստել է Բորիս Նավասարդյանը:

Լեւոն Տեր-Պետրոսյանի ամենաբացասական լուսաբանումն իրականացրել է «Կենտրոն» հեռուստակայանը:


Ռուզաննա Ստեփանյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG