Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-Պետրոսյանը ընտրությունների արդյունքները կվիճարկի Սահմանադրական դատարանում


Փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքը Սահմանադրական դատարանում վիճարկելու քաղաքական որոշում արդեն կայացրել է միայն նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրա շտաբի խոսնակ Արման Մուսինյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ կիրակի օրը Տեր-Պետրոսյանը այդ մասին հայտարարել է հանրահավաքում:

«Օրինաց երկիր» կուսակցության խոսնակ Սուսաննա Աբրահամյանը փոխանցեց, որ իրենց հավաքած տվյալներն ամփոփում են, եւ դա կշարունակվի նաեւ երկուշաբթի օրը: Երեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը կհայտարարի` դիմո՞ւմ է Սահմանադրական դատարան, թե՞ ոչ:

Նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի հետ «Ազատություն» ռադիոկայանին չհաջողվեց կապվել:

Նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբի պետ, «Ազգային պետություն» կուսակցության նախագահ Սամվել Շահինյանն ասաց, որ ընտրական հանձնաժողովների անդամներ չունենալու պարագայում Սահմանադրական դատարան դիմելը իրավական տեսակետից անիմաստ է: Իրենց վստահված անձանց արձանագրած խախտումները փոխանցել են նաեւ միջազգային դիտորդներին, իսկ տեղամասերից դուրս տեղի ունեցած խախտումներն էլ արդեն իրենց թույլ են տալիս հայտարարել, որ «Հայաստանում կրկին անգամ ընտրություններ տեղի չունեցան»:

Թեկնածուներ Արման Մելիքյանը եւ Արամ Հարությունյանը հայտնեցին, որ չեն պատրաստվում ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկել Սահմանադրական դատարանում:

Նախագահի թեկնածուներ Արտաշես Գեղամյանը եւ Տիգրան Կարապետյանը խոստացան այդ հարցով իրենց դիրքորոշումը հայտնել երկուշաբթի օրը:


Ռուզան Խաչատրյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG